Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատրաստ են իրենց ձայներն անշահախնդիր տալ Փաշինյանին. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սկսած շարժմանը:
«Դուք` բոլորդ, տեսել եք, գիտեք, որ Ծառուկյանը տիրապետում է իրավիճակին, գիտի խնդիրները, դրանց լուծելու ձևերը: Մենք ոչ թե օդից կտրված ենք, այլ իրականության մեջ ենք: Շփվում ենք և' ուսանողի, և' ծառայողի, և' գյուղացու, և' թոշակառուի, և բոլոր խնդիրները գիտենք, դրա լուծումները գիտենք, մեր քարոզարշավի ժամանակ մենք բոլորը ներկայացրել էինք»,- ասաց նա:
Ըստ Ծառուկյանի` մինչև իրենց ներկայացրած 15 կետերը չընդունվեն, ոչ մի բան չի կարող լինել: «Թե չէ դատարկ-դատարկ խոսալով, 7%, 10 % տնտեսական աճ ասելով չի: Ամենակարևորը մարդիկ դա իրանց մաշկի վրա, իրենց առօրյայի վրա պիտի զգան: Թե չէ ասելով, թվեր նկարելով չի: Դրա համար էլ այս իրավիճակը ստեղծվեց»,- ասաց նա:
Հարցին` ժամանակավոր կառավարության հետ համագործակցությունն ինչպե՞ս է պատկերացնում, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, հանդիպում եղել ա Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ենք այս իրավիճակից դուրս գալու համար ինչ է պետք անել, քննարկել ենք կարճ: Ինձ թվում է` հետագայում նորից կքննարկենք»:
Հարցին` ԲՀԿ-ն իր ձայները անշահախնդի՞ր է տալու Փաշինյանին, թե՞ կառավարությունում տեղ են ունենալու, պատասխանեց. «Մենք պատրաստ ենք մեր ձայները անշահախնդիր տալու, որովհետև այսօր այս իրավիճակն առաջացել է` հիմնականում ժողովրդին չլսելով, ուսանողի ձայնը չլսելով: Ես հարգում եմ իմ ժողովրդին, և ժողովրդի որոշումը ինձ համար ընդունելի է»:
Նա նշեց, որ իրենց սազական չէր պորտֆելների հարցի մասին խոսելը:
Դիտարկմանը` ներկա չի եղել նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը, վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրությանը, իսկ Փաշինյանի ընտրությանը եկել է, Ծառուկյանը պատասխանեց. «Դրա պատասխանը մեկն է, որ ես այսօր հարգում եմ իմ ժողովրդին, և իմ ժողովրդի որոշումն ինձ համար ընդունելի է»:
Հարցին էլ` Սերժ Սարգսյանի վարչապետ լինելը ժողովրդի կամքին հակառա՞կ էր, նա ասաց, որ եթե ժողովրդի կամքին հակառակ չլիներ, ուրեմն բան տեղի չէր ունենար:
Անդրադառնալով նախկինում Փաշինյանի` իր հասցեին արված քննադատություններին, թե նա խուսափում է հարկերից, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, ասել ա, ստուգել են, ու բոլորդ կարող եք լավ իմանալ` 15 թվականին ամբողջ հարկային դաշտը մասկաներով, ավտոմատներով, մտնելով մի հատ թեկուզ հյուրանոց, ռեստորան, տարի ու կես ստուգել են, որևիցե մի բան չէին կարողացել գտնել: Ծառուկյանը մաքուր ա, ով ուզում ա թող գա ստուգի: Ում պետք ա ստուգեն, չեն ստուգում, այդ բոլորը մենք գիտենք, այնպես որ` ես այդ հարցն ուզում եմ փակեմ»:
Նա ընդգծեց, որ պետք է լինի օրենք, օրինականություն, և ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա: