Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Գրոգիսյանը պնդեց, որ այս պահին չեն պատրաստվում միանալ փողոցային պայքարին: «Մեր գործընկերներն ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել այդ ճանապարհային քարտեզը, մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին պայքար է սկսում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ, մյուս երկու կուսակցությունները՝ ԼՀ-ն ու «Հանրապետությունը» դեմ են ներկայացված ճանապարհային քարտեզին:
Ըստ Գորգիսյանի` իրենք Սերժ Սարգսյանի կառավարման և, ընդհանրապես, ՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծման օրվանից: «Ամեն մարդ, ով անդամակցում է «Ելք»-ի կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ: Ամեն մի անդամակցողը մեկն է, ով չի քվեարկելու ՀՀԿ-ի օգտին»,- հավաստիացրեց նա:
Հարցին` ո՞րն է եղել երեք կուսակցությունների առաջ քաշած գլոբալ խնդիրների միջև տարբերությունը, Գորգիսյանը պատասխանեց, որ չի կարող մանրամասնել, բայց ասաց. «Գլոբալ մոտեցումների տարբերությունը, որ կա, այն է, որ մենք ասել ենք` անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոն գործունեություն ծավալել: Մերը մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաև «Հանրապետություն» կուսակցությունը»:
Հարցին էլ` հնարավո՞ր է, որ ԼՀ-ն ու «Հանրապետություն»-ը որոշեն միասին առաջադրել վարչապետի թեկնածու, պատգամավորն արձագանքեց. «Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ «Ելք»-ի ծրագիրն է եղել սա ի սկզբանե: Հիմա քանի դեռ կա առանձին ՔՊ-ի գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել: Զուգահեռաբար հիմա չենք ծավալի, վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, և չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»:
Նա միևնույն ժամանկ շեշտեց, որ երբեք չեն խոստացել իրենց ընտրողներին, որ հեղաշրջում կամ հեղափոխություն են անելու: «Մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները: Մենք դրանցով զբաղվում ենք ամեն օր»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչ դեր ունի Սերժ Սարգսյանն այս համակարգում, Գորգիսյանը պատասխանեց. «Ունի շատ լուրջ նշանակություն այդ ամենի մեջ, բայց քանի որ ունեն ստեղծված համակարգ, ես չեմ կարծում, որ, փոխելով ինչ-որ այլ ՀՀԿ-ականով, ինչ-որ բան կարող է փոխվել: Ինձ համար ՀՀԿ-ում չկա վարչապետության որևէ ցանկալի թեկնածու, ինձ համար վարչապետի թեկնածուն մեր թիմի անդամներից է»:
Պատգամավորն ավելացրեց, որ իրենք աշխատում են՝ գիտակցելով դաշինքի գործունեության կարևորությունը, որպեսզի այն շարունակի բնականոն աշխատել: