Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրազեկումը ներկայացվել է անհատների անունից: «Տվյալ դեպքում մարտավարական նպատակներով ես եմ ներկայացրել իրազեկումը, բայց այս պահին միջոցառում անցկացնելու քաղաքական որոշում գոյություն չունի»,- ասաց նա:
Հանրահավաք անցկացնելու հարցի շուրջ «Ելք»-ում տիրող մթնոլորտի, քննարկումների և այլ հարցերի շուրջ Yekir.am-ը նաև զրուցեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ: Նա էլ պնդեց, որ փողոցային պայքարի մասին դեռ որոշում չկա:
««Ելք»-ում դեռ քննարկվում են տարբեր մոտեցումներ, տարբեր քայլերի հաջորդականություն և հերթականություն: Հետագայում զուտ փաստի առաջ չկանգնելու համար ՔՊ ներկայացուցիչները որոշել են, որ կարելի է ուղղակի նախապես դա ամրագրել, բայց նախապես դեռ որևէ որոշում, որ այդ օրը կլինի այդպիսի բան, «Ելք»-ում չկա»,- ասաց Գորգիսյանը:
Նա հերքեց նաև շրջանառվող այն լուրերը, թե «Ելք»-ից հատկապես «Լուսավոր Հայաստանն» է դեմ փողոցային պայքարին: ««Լուսավոր Հայաստան» կուսակցության մեծ մասը փողոցային պայքարից է մտել քաղաքականություն: Մենք երբեք դեմ չենք եղել փողոցային պայքարին, պարզապես «Ելք»-ը ստեղծելիս հայտարարել ենք, որ քաղաքացիներին չենք տանելու պարտության և հիասթափության, փակուղային այն ճանապարհներով, որոցով տարիներ շարունակ նախկին ընդդիմությունները տարել են և որևէ արդյունքի չեն հասել: Այս պահի մեր մտահոգությունները գալիս են այստեղից»,- ասաց Գորգիսյանը:
Նա պնդեց, որ «Ելք»-ում տարաձայնություններ չկան, կան քննարկումներ, ինչը նորմալ աշխատանքային պրոցես է, և ինքը անհանգստանալու որևէ թեմա չի տեսնում: Պատգամավորը չբացառեց նաև այն տարբերակը, որ ՔՊ-ն, իր իրազեկման համաձայն, կարող է դուրս գա հրապարակ, իսկ «Ելք»-ի մյուս կուսակցությունները` ոչ: «Քաղաքականության մեջ իրականում ոչինչ չի կարելի բացառել, բայց դա կլինի վատագույն լուծումներից մեկը»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ըստ Գորգիսյանի, այդպիսի հանգուցալուծումը չի կարող լինել «Ելք»-ի պառակտման պատճառ: «Եթե նման սցենար լինի, դա նույնպես պետք է համաձայնեցված լինի «Ելք»-ի հետ, և այդ պարագայում «Ելք»-ի գործողություններն ու դիրքորոշումը պետք է ներքին քննարկված և հստակ հայտարարված լինեն»,- հայտարարեց նա:
Գորգիսյանի խոսքով` «Ելք»-ում ընթացող քննարկումները դաշինքում տիրող իրավիճակը գնահատելու համար են և ոչ միայն փողոց դուրս գալու կամ չգալու: «Կան տարբեր մոտեցումներ` ինչը ինչպես է պետք անել և գնահատել տիրող իրավիճակը: Քաղաքական ուժերի գնահատականների տարբեր մոտեցումներ կան: Հարցն ավելի խորքային է, որովհետև ինչ-որ բան անելը պետք է ունենա հստակ տրամաբանություն, հստակ ավարտ, հստակ նպատակ: Մենք չենք կարող առանց երկար մտածելու, առանց ճիշտ պլանավորելու քաղաքացիներին տանել ինչ-որ ճանապարհով, որի հաջողության մեջ վստահ չենք: Մեր բոլոր մտահոգություններն ու քննարկումները գալիս են հաղթանակին հասնելու միտվածությունից` ի՞նչ անենք, որ հասնենք հաղթանակի: Մեր բոլոր քննարկումները հաղթանակի և ճիշտ պլանավորելու շուրջ են»,- շեշտեց նա:
Գորգիսյանը հայտնեց, որ եթե իրենք չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ապա պետք է առաջարկել նաև այլընտրանք: «Մենք այդ այլընտրանքը ներկայացնելու ենք: «Ելք»-ի գործունեության տրամաբանությունը եղել է այդպիսին, մենք մտել ենք քաղաքականության մեջ այլընտրանք առաջարկելու և ներկայացնելու համար, որ ամբողջությամբ կարող ենք փոխարինել գործող իշխանությանը: Սա հերթական առիթն է լինելու, որ ցույց տանք` վարչապետի մեր թեկնածուն պատրաստ է և ունակ մրցել ՀՀԿ-ի թեկնածուի հետ»,- ասաց նա:
Գորգիսյանը միևնույն ժամանակ նշեց, որ «Ելք»-ում դեռ չի քննարկվել` ում կառաջադրեն վարչապետի թեկնածու: «Հիմա ավելի լուրջ հարցեր կան, քաղաքական ծրագրեր, թիմ և այլն: Այդ հարցը նույնպես քննարկման առարկա է, բայց մենք չենք շտապում դա հրապարակել: Նույնիսկ եթե մենք վաղը որոշենք, դեռևս չենք հայտարարի: Այդ հարցն էլ, փողոց դուրս գալու վերջնական որոշումն էլ մինչև ապրիլ կլինի»,- եզրափակեց նա: