կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 20:09
Քաղաքական

Մենք մեղավոր չենք, որ ՕՐՕ-ն տապալվել է. Գևորգ Գորգիսյան

Մենք մեղավոր չենք, որ ՕՐՕ-ն տապալվել է. Գևորգ Գորգիսյան

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ «Ելք» դաշինքն ամեն ինչ արեց, որպեսզի ընդդիմադիր դաշտում լայն դաշինք չձևավորվի, ինչի պատճառով էլ ընտրողը չտեսավ սևի ու սպիտակի ընտրություն:

ԱԺ «Ելք» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ միություն չի կայացել, «Ժառանգության» պատճառով: «Մենք ի սկզբանե սկսեցինք բանակցությունները նրանց հետ, հետո նրանք չցանկացան մեզ հետ այլևս բանակցել` ուզում էին լայն դաշինքով գնալ: Գնացին այլ դաշինքով, այլ ուժերի հետ, որոնց հետ «Ելք» դաշինքը չէր տեսնում որևէ համագործակցության հեռանկար»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ իրենց մեղադրել մի բանում, որում իրենք մեղք չունեն, խելացի չէ:

Մեր ճշտող հարցին` խնդիրը ոչ թե «Ժառանգությունն» է եղել, այլ Օհանյանն ու Օսկանյա՞նը, Գորգիսյանը պատասխանեց. «Մեր խնդիրն այն էր, որ «Ժառանգությունն» ուզում է  Օհանյանին, Օսկանյանին, բոլորին համախմբել մեկ տեղ, ինչին մենք չհամաձայնեցինք: Մենք չհամաձայնեցինք, որովհետև այդպես նպատակը միայն խորհրդարան մտնելն էր»:

Նրա խոսքով` եթե կան գաղափարային տարաձայնություններ, անհամատեղություններ, դա չի կարող լինել լուրջ դաշինք, իսկ «Ելքը» լուրջ դաշինք է:

Մեր դիտարկմանը` նրանք ասում են, որ «Ելք»-ը չցանկացավ  սևի և սպիտակի ընտրություն, Գորգիսյանն արձագանքեց,  որ իրենք այնտեղ սպիտակ չեն տեսել: «Որովհետև մենք այնտեղ չտեսանք սպիտակ: Սեյրան Օհանյանը կառավարության մի մաս էր, կառավարության բոլոր թերությունների մասին նա տեղյակ էր, քանի դեռ պաշտպանության նախարար էր, կարող էր այդ մասին բարձրաձայնել: Վարդան Օսկանյանը նույնպես եղել է կառավարության  մաս` ԱԳ նախարար, իսկ նա իր վրա վերցրեց մարտի 1-ի դեպքերն արդարացնելու պարտականությունը:  Շատ հարցեր կան»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իրենք կարմիր գիծ չեն քաշել, թե ում հետ կարող են համատեղ ճանապարհ անցնել, ում հետ` ոչ: «Առնվազն վստահություն է պետք, որը չկար այդ ուժերի և այդ անձանց նկատմամբ: Բացի այդ` այնտեղ չկար ուժ, հավաքական թիմ: Ի՞նչ կար այնտեղ, ՕՐՕ  դաշինքը 4 անհատից էր բաղկացած (նկատի ունի Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Արմեն Մարտիրոսյանին):  Բացի այդ 4 անհատից, այնտեղ ի՞նչ կար»,- նշեց Գորգիսյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք մեղավոր չեն, որ ՕՐՕ-ն տապալվեց: «Դրա մեղավորն իրենք են: Ժամանակն է, որ մարդիկ սովորեն սեփական քայլերի համար պատասխանատվություն կրել և այլոց չփորձեն մեղադրել իրենց ձախողման համար»,- շեշտեց նա:

Գորգիսյանից խնդրեցինք, որ անդրադառնա նաև «Երկիր ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրությանը, որում, մասնավորապես, ասվում էր. «Տարոն Մարգարյանի երդմնակալությանը մասնակցում էին մեծ թվով Բաղրամյան 26-ի հաճախորդներ` այդ թվում իրեն «ընդդիմադիր» հռչակած խմբակը»:

Գորգիսյանը նախ ասաց, որ չի ցանկանում այդ անհեթեթությունը մեկնաբանել, ապա նշեց, որ իրենց շատ բաներում են մեղադրել: «Զարուհի Փոստանջյանը վաղուց ադեկվատության սահմանն անցել է,  նրա որևէ ասածի մեջ չկա հիմք»,- ասաց նա: