Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի քննարկման ժամանակ «Ելք»խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ելույթում հիշեցրեց, որ Սահմանադրության համապատասխան հոդվածում սևով սպիտակի վրա գրված է` նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը:
Նա նշեց, որ լուծում տալ` նշանակում է որոշում կայացնել, ապա բերեց օրինակ. «Ինչ-որ մեկը բռնաբարության համար դատված է, հիմա վարչապետը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոշում է, որ պետք է ներում շնորհվի, իր հայեցողությամբ կազմվում է խորհուրդ, որոշվում է, որ կարելի է, կամ հակառակը` որոշում է, որ չի կարելի ներում շնորհել, ու սա գնում է նախագահի մոտ: Բայց քանի որ նախագահը ապակուսակցական մարդ է և չպետք է կուսակցական շահերով առաջնորդվի, որոշում է, որ չի կարելի ներում շնորհել, թեև վարչապետը որոշել է, որ ներում պետք է շնորհի: Նախագահը չի ուզում և պետք է դիմի Սահմանադրական դատարան: Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե Սահմանադրական դատարանում ի՞նչն է վիճարկվելու. այդ մարդու բռնաբարել-չբռնաբարե՞լը, բռնաբարելը հակասում է Սահմանադրությանը, թե` ո՞չ: Սահմանադրական դատարանը ի՞նչը պետք է քննի, խնդրո առարկան, քննության առարկան ի՞նչն է լինելու»:
Պատգամավորի կարծիքով` բերվել է աննորմալ մոդել ու ասում են` չէ, նախագահը որոշում է: «Նախագահից փաստացի որոշում կայացնելու գործառույթը վերցվում է: Նախագահին տվել եք լիազորություններ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ օրենքով այդ լիազորությունները խլվեմ նախագահից, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ հենց հիմա Սահմանադրությունը խախտվի»,- հարցեց Գորգիսյանը`նշելով` գուցե ինչ-որ բանից վախենո՞ւմ են:
«Այսպես չի կարելի, եկեք միանգամից նախագահի ինստիտուտը հանենք, ու վերջ, ինչի՞ց եք վախենում: Վախենում եք, որ նախագահը, շատ լիազորություններ ունենալով, վաղը մյուս օրը մեծ կշիռ ձեռք կբերի և հեղաշրջո՞ւմ կանի»,- եզրափակեց Գորգիսյանը: