Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս արտադրություն չի անելու, այդ բոլորն անելու են կինոարտադրող ընկերությունները. այսօր լրագրողներին հայտնեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ անդրադառնալով ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգին:
Ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգի համաձայն՝ կստեղծվի երկու հանձնախումբ՝ տեխնիկական և գեղարվեստական: Միրզախանյանի ներկայացմամբ՝ տեխնիկական հանձնախումբը ներկայացված հայտերի ձևաչափը պետք է ստուգի, դրանց իրավական կողմը, իսկ գեղարվեստական հանձնախումբը ֆիլմի գեղարվեստական մասը կգնահատի:
«Երկու հանձնախմբերն էլ կլինեն 5 անձից կազմված, ավելին՝ յուրաքանչյուր անվանակարգի, այսինքն՝ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար կգործեն առանձին հանձնախմբեր: Գեղարվեստական հանձնախմբում կլինեն ներկայացուցիչներ գրողների, նկարիչների միությունից, իսկ տեխնիկական հանձնախումբը կընտրվի կինոկենտրոնի կազմից, բայց կարող են լինել և հրավիրված մասնագետներ: Յուրաքանչյուր հանձնախումբ կընտրի իր նախագահին»,- ասաց Միրզախանյանը՝ հավելելով, որ հանձնախմբերին հայտերը ներկայացվելու են անանուն:
Ի դեպ, այս տարի 274 մլն դրամ է հատկացվել կինոարտադրության համար, որի 30 տոկոսը տրվելու է դեբյուտներին: «Փորձելու ենք այդ կերպ ավելի շատ երիտասարդությանը ներգրավել կինոարտադրության գործընթացում, քանի որ մեր ապագան երիտասարդներն են: Մեր բյուջեի 5 տոկոսն էլ տրվելու է զարգացման փուլին աջակցելու համար, այսինքն՝ քասթինգների անցկացման, սցենարն ամբողջացնելու համար»,- հայտնեց Միրզախանյանը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրենց սկզբունքն է՝ փոքր միջոցներով մեծ արդյունքի հասնել: Նախարարի ներկայացմամբ՝ այս տարի կինոյի մասին օրենքի քննարկումը կառավարությունից կտեղափոխվի ԱԺ: «Պետք է ոլորտն առողջացնենք»,- ասաց նախարարը:
Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է, որ գործընկեր դառնան կինոարտադրողի հետ: Նա ներկայացրեց նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվելու, թե որ նախագիծն է ֆինանսավորվելու, որը` ոչ: «Կինոկենտրոն ներկայացված հայտերը նախ կքննեն տեխնիկական փորձագիտական խումբը և գեղարվեստական խումբը, որոնք բալային համակարգով կգնահատեն դրանք: Գնահատման արդյունքի հիման վրա հեղինակներին կհրավիրենք լսումների, և լսումների արդյունքում էլ կընտրվեն լավագույն նախագծերը: Ընտրված նախագծերը կներկայացնենք մշակույթի նախարարին՝ դրանք վերջնականապես հաստատելու»,- ասաց Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ ֆիլմարտադրության համար տրամադրված գումարը, այո, քիչ է, սակայն կան երկրներ, որտեղ պետությունն ընդհանրապես չի ֆինանսավորում այս ոլորտը: Ուստի, Բաղդասարյանի խոսքով, փոքր բյուջեով պետք է օգնեն ստեղծել նախագծեր, որոնք էլ կնպաստեն, որպեսզի բյուջեն ավելանա: