Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու խմբակցությունները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին իրականացրած ծրագրերը: Ընդդիմադիր խմբակցություններն ավելի շատ խոսեցին Երևան քաղաքի առաջնային և դեռևս չլուծված խնդիրներից, որոնք, մասնավորապես, վերաբերում են աղբահանությանը և տրանսպորտային համակարգի թարմացմանը:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց. «Երբ քաղաքապետը ստանձնեց իր լիազորությունները, ժողովրդին խոստացավ, որ աղբի հարցը առավելագույնը երկու ամսվա ընթացքում կլուծվի, սակայն անցել է 9 ամիս, բայց որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին՝ հետքայլ է, և եթե այսպես շարունակվի, հուլիս-օգոստոս ամիսներին աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու: Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին, ապա դարձյալ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնելու օրն ասաց, որ երկու տարվա ընթացքում կկարգավորվի հարցը, սակայն անցել է շուրջ 9 ամիս, և մենք դեռ սպասում ենք այդ երկու տարվա մեկնարկին: Բոլոր հարցազրույցներում քաղաքային իշխող ուժն արդարանում է, որ իրենց նախընտրական ծրագիրը չի ավարտվել, դեռ պաշտոնավարելու ժամանակ ունեն: Օրինակ, որ` տրանսպորտի հարցը նախընտրական ծրագրով ենք առաջ քաշել, կարգավորելու ենք, հիմա մեզանից ի՞նչ եք ուզում, դեռ 9 ամիս է, ինչ իշխանության ենք: Այսինքն՝ 5 տարի հետո նո՞ր է խնդիրը լուծվելու»:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ հավելեց. «Տրանսպորտի մասով ուզում եմ մեկ դետալ նշել` այս 9 ամսվա ընթացքում ընդամենը մեկ քննարկում ենք ունեցել այս հարցով քաղաքապետարանում, այն էլ` 7 ամիս անց, որի ընթացքում խոսվել է քաղաքային նախկին իշխանության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի մասին: Այսինքն՝ 7 ամիս ուսումնասիրում էին, որ տեսնեին, թե նախկիններն ինչ ծրագիր են բերել, ինչ են ուզեցել անել, և վստահ եմ, որ վստահություն չի եղել այս ծրագրի մասով, բայց 7 ամիս քննարկել են և եկել այն եզրահանգման, որ երևի այդքան էլ վատը չէ, եկեք սա էլ անենք: 7 ամիս կորցրեցինք և ընդամենը մեկ քննարկում ունեցանք տրանսպորտի վերաբերյալ, և դրանից հետո չիմացանք, թե ինչ եղավ: Հիմա այդ ընկերության հետ համագործակցո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եվ մեկ էլ մամուլից ընդդիմադիր խմբակցություններս պատահաբար իմանում ենք, որ քաղաքային իշխանությունը դիմել է կառավարությանն այս հարցով աջակցություն ստանալու համար: Ծրագիրն իրականացնելու համար, միանշանակ, ֆինանսական լուրջ միջոցներ ենք պետք, որովհետև խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է, բայց թե որտեղի՞ց պետք է այդ գումարը հայթայթվի, պարզ չէ: Չկան հաշվարկներ: Անցած անգամ «Իմ քայլի» գործընկերներից փորձեցի ճշտել՝ ի՞նչ նախահաշվարկ է արվել, որքա՞ն գումար է անհրաժեշտ տրանսպորտային փոփոխություններ կատարելու համար, ասում են՝ հաշվում ենք, բայց եթե արդեն դիմում են գործադիրին, որ աջակցի, ոչ մի թիվ չեն ասում մեզ, իբր ամենաքիչը 100 միլիոնի կարգի է: Սա նաև ենթադրում է կրկին վարկ, արտաքին պարտքի ավելացում: Ես, իհարկե, տարակուսանք ունեմ, որ գործադիրը գումար կվերցնի, որ Երևանում տրանսպորտային ցանցը թարմացվի»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը, բարձրացված դիտողություններին անդրադառնալով, խոսեց նախ աղբահանության խնդրից՝ մեղադրելով նախկին իշխանություններին, որ պայմանագիր են կնքել միայն մեկ օպերատորի հետ, որից իրենք էլ չեն փորձում ազատվել: «Երբ մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երևան քաղաքի աղբահանության խնդրի լուծումը հանձնեցինք միայն մեկ մասնավոր ընկերության, մենք մեզ գցեցինք շատ մեծ կախվածության մեջ: Դա լավագույն տարբերակը չի եղել, ժամանակին մի քանի ընկերություն է եղել, և կարծիք կար, որ գոնե 2 օպերատոր լինի»,- նշեց նա:
Թեհմինա Վարդանյանը լրացրեց՝ երկու օպերատոր է շահել մրցույթը, սակայն մեկը հետո հրաժարվել է: Ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամը հարց ուղղեց Հովհաննիսյանին՝ ինչո՞ւ դուք չեք խզում պայմանագիրը «Սանիթեքի» հետ, գոնե` մեկը:
Իշխող ուժի ներկայացուցիչը պատասխանեց. «Ասենք, թե խզում ենք «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը և ասում ենք՝ մի' աշխատեք, ի՞նչ է այդ պահին լինելու: Ասենք` դատարանում է հայտնվում, աղբը ո՞վ է հավաքելու: Այս պահին «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը չենք խզում, պարզապես ինքներս ձևավորելու ենք մեր պարկը, որը այս պահին 5 մեքենա ունի, հետագայում 34 մեքենայով պատրաստ է «Սանիթեքի» չկատարած աղբահանության ծավալը կատարել: Իհարկե, եթե տեսնենք, որ «Սանիթեքն» իր ընկերության աշխատանքները բարելավել է, կարծում եմ, որ պայմանագրի խզումն անխուսափելի կլինի»:
«Դուք ասում եք, որ «Սանիթեքն» ունի 18 մեքենա, ևս 10 մեքենայի ժամանման դեպքում կունենանք 15 մեքենա, կկարողանանք խզել պայմանագիրը»,- հակադարձեց «Լույս» խմբակցության ներկայացուցիչը:
«Իմ քայլի» ներկայացուցիչը կրկնեց՝ պայմանագիրը կխզենք այն դեպքում, երբ կհասկանանք՝ այլընտրանքային որ միավորումն է կարողանալու կատարել այդ աշխատանքը: «Տվյալ պահին ստեղծել ենք համայնքային հիմնարկ, որ ինքներս օգնենք աղբահանության գործընթացին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հռիփսիմե Առաքելյանը հանդիպման ավարտին առաջարկեց, որ Լևոն Հովհաննիսյանը նշի գոնե երեք առաջնային խնդիր, որ կարողացել է լուծել քաղաքային իշխող ուժը: Հովհաննիսյանը որպես առաջնային խնդիր, նշեց, թե այսօրվա քաղաքային իշխանությունը կոռումպացված չէ, սրան չհաջորդեց ոչ մի հստակ պատասխան հրատապ խնդիրների լուծման մասով: