կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 20:38
Հասարակություն

Ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում Թուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում

Ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում Թուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում

Թուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը երկրից դուրս բերելուց հետո միայն այն դեպքում, եթե ֆինանսական, նյութատեխնիկական եւ քաղաքական աջակցություն ստանա իր դաշնակիցներից, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդել է Hürriyet-ը:   

Այս հարցերը Աքարը քննարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, որն անցկացվել է Թուրքիայի Ակսազ ռազմածովային բազայում՝ «Դենիզ Քուրդու» («Ծովային գայլ») զորավարժությունների ժամանակ:  

«Եթե մեր պայմանները բավարարվեն, կկարողանանք մնալ Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում», - ասել է նա: «Մենք սպասում ենք մեր պայմանների վերաբերյալ պատասխանի»:

Ըստ Աքարի՝ «Թուրքիայի նպատակը Աֆղանստանում խաղաղություն ապահովելն է»: «Մենք դարավոր եղբայրներ ենք», - ասել է նա: «Կարող ենք մնալ Աֆղանստանում, քանի դեռ աֆղանական ժողովուրդը օգնության կարիք ունի»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է մինչեւ սեպտեմբերի 11-ը ԱՄՆ զորքերը դուրս բերել Աֆղանստանից:

Ըստ Hürriyet-ի՝ Աֆղանստանում գտնվող 500 թուրք զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Անկարայի զորքերը Աֆղանստանում տեղակայվել են 2003 թվականից, սակայն չեն մասնակցում ռազմական գործողություններին:

The National-ը ավելի վաղ հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է սեպտեմբերին զորքերի դուրսբերումից հետո իր վերահսկողության տակ վերցնել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը: Աֆղանստանում բռնությունների աճի ֆոնին միջազգային հանրության համար մեծ նշանակություն ունի օդանավակայանի անվտանգության ապահովումը երկրում դիվանագիտական ներկայությունը պահպանելու տեսանկյունից:   

Ըստ National-ի՝ ՆԱՏՕ-ի այս ամսվա գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի հետ 130 միլիոն դոլարի գործարք է համաձայնեցվել: