կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-14 13:03
Հասարակություն

Ալիևն ինքն իրեն չկրկնելու համար անցավ «Երևանի գրավման» թեմային. Մանասյան

Ալիևն ինքն իրեն չկրկնելու համար անցավ «Երևանի գրավման» թեմային. Մանասյան

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծիքով` ադրբեջանահայության ցեղասպանության թեման մեր քաղաքագետների և քաղաքական գործիչների կողմից երկրորդ, երրորդ պլան է մղվել, նույնիսկ հանվել է օրակարգից: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մինչդեռ այդ թեման կարող էր դառնալ առանցքային Արցախ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և իմաստավորման հիմքում:

«Նոր բան չէ նրանց` այդ ցեղասպանական քաղաքականությունը, որը 1918 թվականից վարվում է: Թուրքական ներխուժումը Անդրկովկաս 1918-ին ուղեկցվել է ցեղասպան ակտերով: Բաքուն գրավելուց հետո 30 հազար հայ է սրի քաշվել, դրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս` ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը ժամանակին հիմնվել է արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանության վրա: Չպետք է մոռանանք, որ 1920-ին մուսավաթական զորամիավորումները Շուշին են հրկիզել, և շրջակա գյուղերի 30 հազար բնակիչ է զոհ գնացել այդ վանդալիզմին»,- ասաց Մանասյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ նույն քաղաքականությունը լատենտ ձևերով շարունակվել է հայերին Խորհրդային Ադրբեջանից դուրս մղելու քաղաքականության տեսքով: «Պատահական չէ, որ 1988-ին ներքաղաքական խնդրանքին` Արցախը դուրս գա խորհրդային Ադրբեջանից, հարցը  քննարկել և լուծել քաղաքակիրթ ձևով խնդրանքին, հետևել է Սումգայիթյան ցեղասպանությունը: 30 տարի առաջ կատարված այդ հանցագործությունը դեռևս մեր երրորդ հանրապետության կողմից, ցավոք, արժանի գնահատական չի ստացել»,- նշեց նա:

Ըստ Մանասյանի` թուրքն իր էթնոքաղաքական հարաբերությունների լուծման փաթեթում, ցեղասպանությունից բացի, այլ գործիք չունի, և ամենուր, որտեղ թուրքը հայտնվում է, խնդիրը լուծում է ցեղասպանության միջոցով: Քաղաքագետի կարծիքով` դա դարձել է այնպիսի մի «քաղաքակրթական» ուղեգիծ, որին թուրքերը հավատարիմ են այն պահից ի վեր, երբ Միջին Ասիայից հայտնվել են այս տարածաշրջանում:

Խոսելով Ալիևի վերջին հայտարարությունների մասին, թե Երևանը ադրբեջանական տարածք է, և վաղ, թե ուշ գրավելու են այն, Մանասյանն ասաց, որ դա առաջին անգամ չի ասվում: «Դեռևս հայր Ալիևն էր առաջադրանք տվել ակադեմիական հիմնարկներին` «ապացուցել», որ Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է, ինչը անհեթեթ առաջադրանք էր, որովհետև մինչև 1918 թվականն այդտեղ ո'չ Ադրբեջան անունով տարածք է եղել, ո'չ Ադրբեջան անունով պետություն, ո'չ այդ անունը կրող էթնոս»,- ասաց նա:

Մանասյանի խոսքով` Ադրբեջանը ցինիկ, լկտի ձևերով առաջ է տանում նույն գիծը` օգտվելով նաև նրանից, որ խոշոր տերությունները, ինչ-որ շահերից ելնելով, կտրուկ քայլերի չեն դիմում Ադրբեջանի նկատմամբ, իսկ առիթները շատ են եղել, օրինակ`  2016-ի ապրիլին նրանց  սանձազերծած պատերազմը:

«Միջազգային հանրությունում ձևավորվել է Ադրբեջանի մի կերպար` ագրեսիվ, ոչ ժողովրդավարական պետության կերպար, ինչը լավ է, քանի որ ակնհայտ է դառնում, որ Արցախն ու Ադրբեջանը տարբեր քաղաքակրթական արժեքներ որդեգրած պետություններ են»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանասյանի կարծիքով` Ալիևի այս հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ նա ընտրությունները նոյեմբերից տեղափոխեց ապրիլի 11, և որպեսզի մոբիլիզացնի իր հասարակությանը և ինքն իրեն չկրկնի, անցավ «Երևանի գրավման» թեմային: Ընտրությունների տեղափոխման պատճառը, թե աշնանը պետք է նշվի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակը, նա ծիծաղելի որակեց: Այստեղ քաղաքագետը շեշտեց, որ եթե Ադրբեջանը նշելու է իր հանրապետության 100-ամյակը, ապա Արցախ-Ադրբեջան հակամարտությունն էլ հենց 100-ամյա է: Ըստ նրա` ճիշտ է` շարժումը սկսվել է 88-ին, բայց հակամարտությունն էլ հենց այդ պետության կազմավորման տարիքի է: