Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հունիսի 16-ի ցերեկը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ Կարինե Հովհաննիսյանը` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության` «սուր աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ: «Երեխան ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Երեխայի ծնողները երեխայի մահվան մեջ բժիշկներին են մեղադրում, ավելի ճիշտ` Արմավիրի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին /այսօր փոքրիկի հուղարկավորությունն էր, երեխայի ծնողների տեսակետը կներկայացնենք օրեր անց/:
Yerkir.am-ի հետ զրույցում Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը նշեց, որ Կարինեն ընտանիքի միակ երեխան էր, մանկապարտեզ էլ չէր հաճախում: «Երեխային չեմ տեսել այդ օրը, բայց ծնողները պատմում էին, որ երեխան աշխույժ է եղել, չնայած մի փոքր սրտխառնոց է ունեցել: Ծնողներն ասում են` բժիշկն է մեղավոր, նրանք պատրաստվում են բողոք ներկայացնել դատարան»,-ասաց գյուղապետը` հավելելով, որ դեպքից հետո հիվանդանոցից այդպես էլ չեն եկել, զրուցել իր կամ երեխայի ծնողների հետ:
Ի դեպ, աղջկա մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Կարինեի ծնողները, նախքան նրան Արմավիրի բուժկենտրոն տեղափոխելը, տարել են կողքի գյուղի` Բամբակաշատի պոլիկլինիկա: Երեխային զննել է տեղի թերապեւտը` Ազատ Սեղբեյանը: Նա հայտնեց, որ երեխային իր մոտ են բերել կեսօրից հետո: «Նախորդ օրն ասացին, որ երեխան հավի բուդ է կերել, վրայից` պաղպաղակ, որից հետո սկսել է իրեն վատ զգալ: Ես զննեցի նրան, հարցրի, թե ի՞նչն է ցավում, երեխան էլ ասաց` փորիկն է ցավում, ստամոքսի շրջանը: Իմ հարցերին նորմալ պատասխանում էր»,- ասաց Սեղբեյանը:
Ըստ նրա` երեխայի վիճակը նորմալ է եղել, կարելի է ասել` բավարար: Նրա մոտ փսխման ռեֆլեքս է եղել, ջերմությունը` 37.3: «Մի փոքր թուլություն կար մոտը, իսկ, առհասարակ, աշխույժ, ճարպիկ երեխա էր, բայց այդ ժամանակ մի փոքր անտրամադիր էր: Ես նրան զննեցի, ու քանի որ այդ հասակի երեխաներին նման գանգատներով ցանկալի չէ առանց բուժզննման թողնել, նաև որպեսզի հետագա բարդություններից խուսափեն, ասացի` տարեք հիվանդանոց: Այդքան ծանր վիճակ չի եղել, բայց, թե ի՞նչ է եղել հետո, չգիտեմ»,- ասաց պոլիկլինիկայի բժիշկը:
Երեխան Բամբակաշատում երկար չի մնացել. մինչ բժիշկը երեխայի ջերմությունն էր չափում, ծնողները ուղեգիր են վերցրել և տարել Արմավիրի բուժկենտրոն:
Yerkir.am-ին հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ երեխան, երբ հիվանդանոց է տեղափոխվել, արդեն իսկ թույլ է եղել, որովհետև, ինչպես ծնողներն են ասել, ամբողջ գիշեր փսխել է:
«Ֆեյսբուք»-ում կարդացի, որ իրենք խոստովանում են, որ երկու օր է այդ վիճակում եղել երեխան: Հավի բուդ է կերել, վրայից` պաղպաղակ, հետո վատ է զգացել ու փսխել, ինչը ծնողները կապում են մեքենայի` արագ վարելու հետ: Փսխումները շարունակվել են ամբողջ գիշեր, ընդհուպ` երեխան սովորական ջուր է խմել ու էլի հետ տվել: Եթե այդպես է` ինչո՞ւ են ամբողջ գիշեր պահել երեխային, առավոտյան էլ տարել են գյուղի բժշկի մոտ»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` ամենակարևորն այն է, որ երեխան առաջին օգնությունը չի ստացել, ստամոքսի լվացում, աղիների մաքրում տեղի չի ունեցել, և թունավոր նյութերը կուտակվել են: «Հավի բուդն ինքն իրենով համարվում է ինֆեկցիայի աղբյուր: Հիմա չես էլ իմանում `էդ հավի բդերն ինչպես են պահպանվում, տեխնոլոգիան ինչպես է. սառեցնում-հալեցնում են, ամբողջ ինֆեկցիան, միկրոբները կոլոնիզացված են լինում այդ նյութերի մեջ, և եփվելիս էլ բուդը երբեք լավ չի եփվում, ոսկորը մնում է հում, կարմրաջուր է գալիս, մեր փորձից ենք տեսել, մենք գիտենք: Երեխան մասսիվ քանակությամբ ինֆեկցիա է կլանել, ի՞նչ պարտադիր է քիմիական նյութ կլանած լիներ երեխան, չէ՞ որ սննդի թույնն էլ է ահավոր: Եվ այդ ամենը, տրոհվելով, անցել է արյան մեջ և ժամանակի ընթացքում բերել կայծակնային տոքսիկ շոկի»,-պարզաբանեց բժիշկը:
Նրա հավաստմամբ` երեխայի մահվան պատճառը նրան ուշ հիվանդանոց տանելն է եղել: Երեխան, ըստ Պետրոսյանի, հիվանդանոց է ընդունվել կեսօրին` ժամը 14-ին, որից 2,5 ժամ հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Երեխային ընդունելուց հետո ստամոքսի լվացում են կատարել, աղիների մաքրում, կաթիլային է միացվել, հավաստիացնում է բժիշկը:
«Այդ ամենը եղել է իրենց աչքի առաջ` ո\'չ ժամ, ո\'չ էլ րոպե է անցել, անմիջապես են բոլոր գործողությունները կատարվել: Վատանալիս էլ կաթիլայինի տակ է եղել, նենց չի, որ առանց սիստեմա պառկած է եղել ու վատացել: Չի կարելի միանգամից տենց բանի վերածել, թե` երեխային աշխույժ բերեցինք, բա ինչո՞ւ կայծակնային ընթացք ունեցավ: Բնական եմ համարում, որ բարկացած են ծնողները` երեխա է մահացել, ոչ մեկ չի ուզենա մեղքն իր վրա վերցնել: Ես վիշտն ընդունում եմ, բայց ի՞նչ ասեմ, կյանքում ամեն ինչ էլ լինում է, պետք է առաջինը մարդն ինքն իրեն մեղադրի ամեն հարցում և տեսնի` որտե՞ղ է ինքը սխալ եղել: Եթե ես օգնություն ցույց տված չլինեի, ուրիշ բան: Ավելին` երեխային հիվանդանոց տեղափոխելու նախորդ օրը հերթապահ եմ եղել, բայց նորից այդ օրը մնացել եմ հիվանդանոցում, մինչև վերջ երեխայի կողքին եմ եղել»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` հարազատներն անգամ ուզում էին տուն տանել երեխային, երբ կաթիլայինն ընդունի, բայց ինքն արգելել է:
Երեխայի մահից հետո բժիշկը չի հանդիպել նրա ծնողների հետ:
Դեպքի վերաբերյալ երեխայի ծնողների տեսակետն ու այլ մանրամասներ` ավելի ուշ:
Կարինե Հարությունյան