Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր 2014թ. պետբյուջեի կատարողականը գյուղատնտեսության ոլորտում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին: Նա մեջբերեց գյուղատնտեսության նախարարության աշխատակազմից հեռացված մի կնոջ պատմություն` ասելով, որ, ըստ այդ կնոջ հրապարակած արձանագրությունների, իրեն անարդարացիորեն հեռացրել են աշխատանքիցև իր փոխարեն ընդունել անգրագետ աշխատակիցների, որոնց կազմած արձանագրություններում բազմաթիվ սխալներ կան:
Գյուղատնտեսության փոխնախարարը վստահեցրեց, որ նախարարությունում աշխատակիցներ ընդունելիս ղեկավարվում են միմիայն ՀՀ օրենքներով, «Քաղծառայության մասին» օրենքով, և որ աշխատողներն ընտրվում են միայն մրցութային տարբերակով: «Ես գիտեմ այդ տիկնոջը, նա փորձում է ցեխ շպրտել մի ամբողջ համակարգի վրա, իբր իր արձանագրությունները շատ փայլուն են: Այդ տիկինը ունեցել է ուշացումներ, կարգապահական խախտումներ: Ինքն իրեն սպառեց ու ինքն իրեն ցտեսություն ասաց»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ նա արդեն դիմել է դատարան, բայց նրա հայցը չի բավարարվել:
Գալստյանը նաեւ հավելեց. «Ես վիրավորված եմ. դուք վիրավորում եք մի ամբողջ նախարարություն` ասելով, թե այնտեղ անգրագետներ են աշխատում: Ես ինձ թույլ չեմ տա նման բաներ ասել պատգամավորների հասցեին՝ էթիկայից ելնելով, չէ՞ որ կան պատգամավորներ, որոնք մասնագետ չեն, բայց իրենց ասածն են պնդում: Անունը չեմ ուզում տալ, բայց մի կին պատգամավոր ասում էր. «Պետք է փորեք»: Ես էլ նրան խնդրեցի` տիկի'ն, գնացեք Ձեր գործով զբաղվեք, Դուք ֆիլոքսերայի մասնագետ չեք: Այնպես որ` մի' վիրավորեք մի ամբողջ աշխատակազմի, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում»,- ասաց փոխնախարարը:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Եթե վիրավորել եմ, ներողություն, բայց այնպես էլ չէ, որ այդ հեռացված աշխատակիցը սուտ էր խոսում, որովհետև կա արձանագրություն: Վերանայեք որոշումը, նորից հետ վերցրեք նրան աշխատանքի»:
Միջամտեց գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարը` ասելով, որ այդ տիկինը թույլ է տվել ներքին կարգապահական կանոնների խախտում, հետո կիրառվել է խիստ նկատողություն, որից հետո նա հեռացվել է աշխատանքից: Այդ կինը դիմել է դատարան, բայց դատարանը չի բավարարել նրա հայցը: