կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 14:16
Քաղաքական

Եթե Ալիևի համար պարզ դառնա՝ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի «մարդը» չէ, սահմանին առաջվա լարվածությունն է լինելու. Մանասյան

Եթե Ալիևի համար պարզ դառնա՝ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի «մարդը» չէ, սահմանին առաջվա լարվածությունն է լինելու. Մանասյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններ գոյություն չունեն, այն, ինչ կա, հանդիպումներ են, եթե անգամ պաշտոնական են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Բանակցություններ կսկսվեն, երբ պաշտոնական Բաքուն կնստի բանակցային սեղանի շուրջը հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի Հանրապետության հետ, իսկ Արցախն էլ պայման կդնի՝ չեմ բանակցի, քանի դեռ Ադրբեջանը ներողություն չի խնդրել ադրբեջանահայության ցեղասպանության համար»,- ասաց նա` հավելելով, որ եթե Ադրբեջանը  ցանկանար կամ կարողանար, վաղուց պատերազմ կհայտարարեր:

«Մենք պետք է սթափ գնահատենք, որ Հայաստանը, Արցախը այն  տարածքը չեն միջազգային ուժադաշտում, որ Ադրբեջանն այդքան հեշտությամբ հարձակվի: Ո'չ Ռուսաստանին է դա ձեռնտու, ո'չ Իրանին, ո'չ Վրաստանին»,- ընդգծեց նա՝ կրկնելով. «Ադրբեջանը չի ցանկանում Արցախի նախագահի հետ բանակցել, և Արցախն էլ չպետք է խնդրի, թե`  ընդունիր ինձ»:

Մանասյանը հիշեցրեց՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին քննադատել է ադրբեջանահայության ցեղասպանության մասին չխոսելու, Արցախի հարցում թույլ տված սխալների համար, հիմա հերթը չորրորդինն է:

Yerkir.am-ի հարցին՝ եթե Արցախն ինչ-որ պահի վերադառնա բանակցային գործընթաց, Հայաստանի Հանրապետությունը պե՞տք է դուրս գա բանակցություններից, թե՞ երեքով պիտի շարունակեն բանակցությունները, մինչ այժմ չկա հստակ դիրքորոշում այս առումով,  Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց. «ԵԱՀԿ ՄԽ-ն և միջազգային հանրությունը կցանկանան, որ Հայաստանը ներկա լինի, բայց Հայաստանը պետք է ասի՝ հակամարտության հիմնական կողմը Արցախն է, և Սերժ Սարգսյանը դա ասել է վերջում»:

Մեր դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի ժողովուրդն է որոշողը՝ նշելով, որ բանակցություններում կամ հանդիպումներում ինքը չի ներկայացնում Արցախը, քանի որ արցախցին իրեն չի ընտրել, արդյոք շեշտադրումների տարբերություններ կան` նախորդ ղեկավարների ձևակերպումների համեմատությամբ, թեև բոլորն էլ հարցի վերջնական որոշումը վերապահում են Արցախին, քաղաքագետն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը իսպանական լրատվամիջոցներից մեկին ասել էր՝ մենք այնտեղ նստում ենք Արցախի փոխարեն՝ ասելով, թե Հայաստանը չէ կոնֆլիկտի կողմը, իսկ Փաշինյանի ձևակերպումը տարբեր է, որովհետև եթե Հայաստանն է ներկայացվում, կոնֆլիկտի կողմ է դառնում: Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես այստեղ նստում եմ Արցախի փոխարեն, եթե դա չենք ասում, դառնում ենք կոնֆլիկտի կողմ»:

Անդրադառնալով այս պահին Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը և սահմանին լարվածության նվազմանը, Մանասյանը նշեց, որ դրա պատճառը ո'չ ԵԱՀԿ ՄԽ-ի, միջազգային կառույցների կողմից ճնշումներն են և ո'չ էլ Ադրբեջանի ներքին խնդիրները, ավելին` այս առումով դա բացարձակապես ձեռնտու չէ նրան: «Այսքան տարի մենք տեսնում ենք, որ  ո'չ ԵԱՀԿ ՄԽ-ի, ո'չ էլ գերտերությունների դիտողությունները չեն ազդում Ալիևի վրա: Երկրորդ՝  երկու տասնամյակի ընթացքում Ադրբեջանում ձևավորվել է Ալիևից առավել  կատաղի տրամադրություններ ունեցող ներքին լսարան, ուստի ներքին լսարանի համար նման քայլի գնալը Ալիևի համար նույնիսկ վտանգավոր է: Ես ունեմ իմ վարկածը, թե ինչու է Միջին Ասիայում Ալիև-Փաշինյան հպանցիկ հանդիպումից հետո սահմանին իրավիճակը որոշ չափով խաղաղվել: Այն է՝ նոր վարչապետն ընկալվում է որպես առաջին նախագահի մարդը, նրա «դպրոցի շրջանավարտը», և քանի որ երկու  տասնամյակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ պետք է ազատագրված տարածքները հանձնվեն Ադրբեջանին, ես կարծում եմ, որ Ալիևը հույսեր է տածում, որ նոր ղեկավարը կլսի առաջին նախագահին և կվարի նրա քաղաքականությունը: Հիմա, որպեսզի Փաշինյանն այդ քաղաքականությունը վարի, պետք է նրան շանս տալ, Ադրբեջանը պետք է ցույց տա, որ պատրաստ է խաղաղության, այսինքն՝ սահմանին չլարել իրավիճակը, ինչպես եղել է, ավելին՝ մեղմացնել, որպեսզի  հնարավոր լինի գնալ այդ քայլերին: Կրկնում եմ՝ Ալիևը հույս ունի, որ Հայաստանում իշխանության է եկել իր ուսուցչի համանմանությամբ մեկը և նրան շանս է տալիս, ուստի իրադրությունը սահմանին համեմատաբար խաղաղվել է: Մենք չգիտենք, թե Դավոսում ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ալիևի ու Փաշինյանի միջև: Եթե հստակորեն պարզվի՝ Փաշինյանը Լևոնի մարդը չէ, սահմանին առաջվա պես լարվածություն է լինելու, եթե խաղաղ վիճակը շարունակվեց, ուրեմն իմ նշած  քաղաքականությունն է առաջ գնում»,- ընդգծեց քաղաքագետը: