կարևոր
3724 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-14 19:04
Աշխարհ Արցախ

Ալիեւն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է. Մենենդես

Ալիեւն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է. Մենենդես

Արցախում խանութները դատարկ են, Շտապօգնության մեքենաները չունեն վառելիք,  հղիության ընդհատումները եռապատկվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների մեկնարկին իր խոսում նշեց հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

«Արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: Վերջին օրերին միայն մեկ բեռնատար է Աղդամից մուտք գործել Ղարաբաղ, մինչդեռ այնտեղի բնակչությունը 120 հազար է: Շրջափակումից առաջ օրական 120 բեռնատար էր մտնում ԼՂ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է»,-ասաց Մենենդեսը` հավելելով, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, եւ իրենք պետք է զգոն լինեն։

Նա հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկի նախագահ Լուիս Մորենո Օկամպոյի  խոսքը, որ սովի մատնելն անտեսանելի ցեղասպանական զենք է: «Այսպես շարունակվելու դեպքում ԼՂ հայերը կոչնչանան մի քանի շաբաթից, մի քանի շաբաթից: Մենք ունենք այդքան ժամանակ: Ի՞նչ է անում ԱՄՆ պետքարտուղարությունը, ինչ է անում Բայդենի վարչակազմը, ինչ է անում միջազգային հանրությունը: Մեր միջամտությունը պետք է լինի շրջափակման վերացումը, Լաչինի միջանցքի անհապաղ բացումը: Մենք պետք է կանգնենք խաղաղության համար, անվտանգության ու մարդու իրավունքների համար: ԱՄՆ-ն եւ Եվրոպան ունեն պատասխանատվություն»,-ասաց Մենենդեսը։

Մենենդեսը կարեւորեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, սակայն հավելեց, որ խոսակցությունն անարժեք է, եթե այդ խոսակցության մասնակիցներից մեկը էթնիկ զտումների արշավ է իրականացնում: Նա ընդգծեց, որ իր ունեցած բոլոր ռեսուրսները գործի կդնի պետքարտուղարությանը գործողությունների դրդելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։