կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 11:09
Քաղաքական

Դառնալու է ոստիկանական երկիր. Սասուն Միքայելյան

Դառնալու է ոստիկանական երկիր. Սասուն Միքայելյան

ԱԺ-ում քննարկում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ ոստիկանությունն առաջարկում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելիս ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ տրամադրել:

Հարցով հիմնական զեկուցող` ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ օրենքի մակարդակով կամրագրվեն դրանց օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման լեգիտիմությունը:

«Հասարակական վայրերում անշարժ տեսախցիկների տեղադրման դեպքում կլինեն ցուցանակներ, որոնք կզգուշացնեն տեսանկարահանման մասին, իսկ շարժական տեսանկարահանում իրականացնելիս ոստիկանության ծառայողները բանավոր պետք է իրազեկեն տեսանկարահանման մասին: Նախատեսվում է հավաքագրված տվյալները վերացնել 7 օրվա ընթացքում»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ օրենքը կարող է միջամտել մարդու անձնական կյանքին:

Սասուն Միքայելյանն էլ պնդեց, որ տեսախցիկների տեղադրումը կսահմանափակի խոսքի ազատությունը: «Դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող արդեն ազատ արտահայտվել, պնդել, խնդիր ունենալ ու խոսել դրա մասին, լուծել այն: Ես չեմ հասկանում, թե ոնց է լինելու մեր երկրի ու մարդու խոսքի ազատության ապագան»,- նշեց նա:

Վարդան Եղիազարյանը հակադարձեց, որ անձի ազատ կամքի դրսևորման հետ տեսախցիկները որևէ կապ չունեն: