կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-07 15:30
Քաղաքական

Մենք պետք է այնպիսի ուժ ձևավորենք, որ հասցնենք իշխանության մռութին. Սասուն Միքայելյան

Մենք պետք է այնպիսի ուժ ձևավորենք, որ հասցնենք իշխանության մռութին. Սասուն Միքայելյան

«Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրություններ պահանջել, քանի որ բավարար ուժ այս պահի դրությամբ չունեն:

 

«Այս տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ մեր` ընդդիմադիր կոչված ուժերը, փնովելով իշխանությանը, դիվիդենդ են շահել ու ժողովրդին հանել են ոտքի, իսկ հետո հետ են քաշվել։ Մենք չենք ուզում գնալ այս ճանապարհով: Մենք միշտ պատրաստ ենք արտահերթ ընտրության, բայց մենք դեռ չունենք այդ ուժը։ Ներկայումս մենք ուզում ենք ձևավորվել, դառնալ կուսակցություն, դրանից հետո կերևա մեր գործունեությունը, կհասկանանք, թե ինչքան մարդ է մեզ վստահում»,- ասաց Միքայելյանը`հավելելով. «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ է արտահերթ ընտրությանը, քանի որ այսօր հնարավոր չէ, որ ինչ-որ մի ուժ կարողանա տանել ժողովրդին արտահերթ ընտրությունների»:

 

Նա շեշտեց, որ իրենց նպատակը ևս մեկով կուսակցությունների թիվն ավելացնելը չէ: «Մենք խնդիր ունենք մարդկանց ներգրավելու, ովքեր ընտրությունների ժամանակ լցոնումներ անելու կամ ընտրակաշառքներ բաժանելու արգելքներ կստեղծեն»,- ասաց Միքայելյանը:

 

Նա շեշտեց, որ տարիները ցույց են տվել` ընդդիմադիր կոչվածները ինչ-որ պահի կա՛մ մաս են կազմում իշխանության, կա՛մ էլ հետ են կանգնում, ու ժողովուրդն է տուժում արդյունքում։

 

«Մենք ուզում ենք նոր, ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորել ՀՀ-ում, որը հավատ կներշնչի ու ժողովրդին կտանի իշխանափոխության: Երբ որոշենք դուրս գալ փողոց և պահանջենք իշխանափոխություն, մեկ ամսվա ընթացքում պետք է իշխանափոխություն լինի: Եթե քեզ խփողին չես պատասխանում, ուրեմն պարտվում ես։ Մենք պետք է այնպիսի ուժ ձևավորենք, որ հասցնենք իշխանության մռութին»,- նշեց Միքայելյանը: