կարևոր
637 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 18:18
Աշխարհ

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելի ռազմական ինքնաթիռները դեկտեմբերի 24-ի առավոտյան ավիահարվածներ են հասցրել Լիբանանի Նաբատիե շրջանի ան-Նամիրիա բնակավայրին՝ արձակելով մի քանի հրթիռներ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Վադի Հումին բնակավայրին։

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը նաև ինտենսիվ թռիչքներ են կատարել Դուեյր, Շարքիե և այլ բնակավայրերի վերևում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններում «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի քանի հրթիռային արձակման կետերի:

«Այս հարվածների շրջանակներում ԻՊԲ-ն ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի ռազմական կառույցները և այլ ահաբեկչական ենթակառուցվածքներ»,- նշվում է հայտարարության մեջ։

ԻՊԲ-ն հավելում է, որ հրթիռային արձակման կետերի առկայությունն Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է։

«ԻՊԲ-ն կշարունակի գործել՝ Իսրայելի Պետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության վերահաստատման փորձերը կանխելու համար», – նշված է հայտարարության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը հասել է 5163-ի։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309, վիրավորվել՝ ևս 598 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։