կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-16 12:28
Հասարակություն

Մի փունջ Սիմոն Զավարյանի հիշատակին

Մի փունջ Սիմոն Զավարյանի հիշատակին

Աղբյուրը՝ arfd.am

Գրեց՝ Հեղինէ Բէգզատեան

Զաւարեանի յիշատակին նուիրուած այս գրութեան հեղինակը Տիգրան Բէգզատեանի այրին է, Հեղինէ Բէգզատեանը: Գրութիւնը լոյս է տեսել Բոստոնում հրատարակուող «Հայրենիք» օրաթերթի 1952 թուականի նոյեմբերի 30-ի համարում (թիւ 12350): Սիմոն Զաւարեանին նուիրուած եռահատոր հրատարակութեան մէջ բացակայում է այս գրութիւնը:

Գրութեան սկզբում «Հայրենիք»ի խմբագրութեան կողմից նշուած է.
Ընթերցողներու մասնաւոր ուշադրութեան կը յանձնենք այս սրտառուչ, պատմութիւնը.-«Հին յուշերից», ինչպէս կը կոչէ այրին ողբացեալ Տիգրան Բէգզատեանի (Հ.Հ. դեսպան Բագուի և Թիֆլիսի):

* * *

Ծայրագոյն Արևելքում լայնածաւալ Ամուր գետի վրայ, ուր պաշտօնավարում էր հայրս, առաջին անգամ իմ ձեռքս ընկաւ Ջանշեանի գիրքը, «Եղբայրական Օգնութիւն Հայերին», որից ես իմացայ 1895-96 տարիների հայկական ջարդերի մասին: Իմ առջևս բացուեց հայկական ողբերգութիւնը իր ամբողջ մղձաւանջով:

Յիշում եմ, որ տպաւորութիւնս և ցասումս սոսկալի էին, առաւել ևս նրանից, որ կտրուած էի հայրենիքից և անկարող որևէ գործով օգնելու:

Երբ վերջապէս մեր վերադարձը կարելի դարձաւ և Սև Ծովի շոգենաւի կամրջակից նշմարեցի կովկասեան լեռնաշղթան, հազիւ կարողանում էի զսպել յուզումս և արտասուքս: Երբ Թիֆլիս հասայ, անմիջապէս հարցրի ծանօթներիս – Ի՞նչ եղան գաղթականները, ի՞նչ օգնութիւն հասցրիք նրանց:

-Յատուկ մարմիններ կան, որ դրանով կը զբաղուին: Մենք տեղեակ չենք:

Հետագայում իմացայ այն գեղեցիկ դերը, որ ունեցել է հայ գիւղացին՝ օգնութեան գալով իր թրքահայ եղբայրներին: Բայց միևնոյն ժամանակ հասարակութեան որոշ խաւերի մէջ նկատեցի մի ինչ որ տարօրինակ անտարբերութիւն դէպի ինչ որ հայկական է: Կ’ասէի նոյնիսկ՝ վերևից էին նայում, համարելով, որ հայերը տգէտ են, կոպիտ և անտաշ, ո՛չ հագուիլ գիտեն, ո՛չ իրանց պահել ընկերութեան մէջ, մի խօսքով, զուրկ են ճաշակից և կրթութիւնից: Ռուսացումը գնում էր ամբողջ թափով, հայերէն բառ չէր լսւում փողոցում: Հայկական դպրոցները փակ էին, երիտասարդութիւնը համարեա թէ հայերէն չէր խօսում: Ինչ որ հայկական էր, կարծես թագնուել էր, ծակը մտել, իսկ ռուսական պաշտօնական մամուլը իր էջերում շարունակ հալածում էր հայերին և անարգում:
Այդ բոլորը ինձ վրայ ճնշող տպաւորութիւն էր անում: Ես նայում էի չորս կողմը, փնտռելով մի կենդանի էակ, որի սիրտը բաց լինէր դէպի լաւը և բարին ու հասկնար իր պարտականութիւնը դէպի ազգը:

Հանդիպեցի մի վարժուհու, որ խոստովանեց ինձ թէ հայ է, բայց հայերէն բնաւ չգիտէ՝ վրացախօս է: Բայց կը փափագէր սովորել հայերէն: Առաջարկեցի նրան օգնել: Պայմանաւորուեցանք և սկսանք պարապմունքները: Մի դասին նա յայտնեց ինձ, թէ մի կազմակերպութիւն կայ, որի անդամները շրջում են փողոցներում, մտնում են բակերն ու տները, հաւաքում են անտէր մնացած երեխաներին, նրանց տիրութիւն անում և սովորեցնում գրել ու կարդալ:

-Կ’ուզենայի՞ք մասնակցիլ, հէնց այսօր նիստ կայ և մեզնից շատ հեռու չեն:

Համաձայնեցի և մենք գացինք: Նիստը մի ռուս տիկնոջ մօտ էր: Այնտեղ հաւաքուել էին ռուս օրիորդներ, համակրելի և աշխոյժ:
Ինձ ասացին – «Այդ շատ լաւ է, որ դուք հայ էք և հայերէն գիտէք, շատ օգտակար պիտի լինէք մեզի: Հայ անգրագէտ երեխաներ շատ ունինք, որոնք բնաւ ռուսերէն չգիտեն: Դուք դիւրութեամբ կը սովորեցնէք, քանի որ երկու լեզուներին տիրապետում էք»:

Մթնոլորտը այնքան դուրեկան էր ու տաքուկ, որ ես այն ատեն չանդրադարձայ այդ խօսքերին, և լաւ տպաւորութեան տակ տուն վերադարձայ: Բայց տանը այդ խօսքերը կենդանութիւն առին և սկսան ինձ հալածել:

-Այդպէս ուրեմն, ասում էր հեգնանքով ներքին ձայնը, դու դժգոհ էիր, որ տեղի հայութիւնը ռուսացել էր, այժմ դու ինքդ պիտի դառնաս ռուսացման մեքենայի մի մասնիկը, այն էլ քո յօժար կամքով, հայ գաղթական երեխաների ռուս այբուբեն պիտի սովորեցնես:
Այդ ձայնը քանի գնում, ուժեղանում էր: Տեղս հանգիստ չէի կարողանում նստել: Մայրս նկատեց իմ յուզումս, մօտեցաւ և հարցրեց, թէ ինձ ի՞նչ է պատահել: Պատասխանեցի, որ դժուար կացութեան մէջ եմ գտնւում, մի կողմից՝ չեմ ուզում հայ գաղթական երեխաներին ռուսացնել, միւս կողմից՝ վախենում եմ, որ իմ հրաժարելովս անախորժութիւններ պիտի ծագեն և առիթ պիտի տամ նոր յարձակումների հայերի վրայ, թէ՝ նրանք փախչում են կենդանի գործից:

Մայրս պատասխանեց ինձ մեղմ, հանգստացնող ձայնով.

-Ուրիշի կարծիքից մի՛ վախենար, աղջիկս, դու ինքդ եղիր քո առաջին դատաւորը:
Ես վեր թռայ տեղիցս ուրախացած:
-«Անուշ մայրիկ, խօսքդ ոսկի է»:

Անմիջապէս գրեցի վարժուհուն, որ դժբախտաբար անկարող եմ մասնակցել Ընկերութեան աշխատանքներին, որովհետև իմ համոզմունքներս թոյլ չեն տալիս ռուսերէնի դասաւանդութիւնը մայրենի լեզուից առաջ, սակայն խնդրում եմ, որ ընկերութեան անդամներին չյայտնի հրաժարելուս իսկական պատճառը, այլ՝ որևէ ուրիշ պատրուակ բերի: Գրեցի և ուղարկեցի նամակս:
Հետևեալ օրը պատասխան ստացայ: Վարժուհին իր վրդովմունքն էր յայտնում, որ ես այն աստիճան վարակուած եմ թթու ազգասիրութեամբ, և այսուհետև աւելորդ էր համարում մեր բարեկամութիւնը, նմանապէս մեր դասերը:

Չեմ ծածկում, որ նամակը ինձ վրայ ապտակի տպաւորութիւն թողեց: Մի քանի օր դրանից յետոյ ինձ մօտ եկաւ մի ծանօթ երիտասարդ, «Մշակ»ի թղթակիցը և ասաց, որ պիտի տանի ինձ մի շատ շահեկան հաւաքոյթի: Թիֆլիսում պիտի կազմակերպուի գիւղատնտեսական ցուցահանդէսը և այդ առիթով գիւղատնտեսներն ու ուսուցիչները ժողովներ են սարքում: Գնացինք: Սկիզբը, ճառախօսները շօշափում էին զուտ գիւղատնտեսական հարցեր և ինձ համար հետաքրքրութիւն չէին ներկայացնում: Բայց ահա դուրս եկաւ մի մարդ, նուրբ դիմագծերով և առաջին խօսքից գրաւեց բոլորի ուշադրութիւնը:

Նա խիստ քննադատութեան ենթարկեց պետական գիւղական դպրոցները, ասելով թէ նրանք գործում են հակառակ տրամաբանութեան և մանկավարժութեան, միակ նպատակ ունենալով բռնի ռուսացումը:

Ամբողջ ուսումը սկզբից մինչև վերջ, ասում էր նա, անցնում է ռուսերէն: Գիւղացի երեխաները գալիս են դպրոց առանց մի խօսք ռուսերէն իմանալու: Առողջ մանկավարժութիւնը պահանջում է ուսումը սկսել մայրենի լեզուից, հետզհետէ անցնելով օտար լեզուին, այդպիսով երեխան զարգանում է բոլորովին բնական, կանոնաւոր կերպով: Ուսուցիչները յաճախ չգիտեն հայերէն, կամ եթէ գիտեն, նոյնիսկ իրաւունք չունեն գործածելու: Մի բան որ դիւրին է բացատրել մայրենի լեզուով, օտար լեզուով շատ դժուար է դառնում: Դրանից գոյութիւն են առնում շատ ծիծաղաշարժ դէպքեր, օրինակ, շան հաջոցի մասին խօսելիս, ուսուցիչը ստիպուած է հաջել շան նման, հասկացնելու համար, և դրա նման ուրիշ դէպքեր: Այդ տեսակ դպրոցները նա բացարձակապէս գտնում է վնասակար ժողովրդի կանոնաւոր զարգացման համար հոգեկան և մանկավարժական տեսակէտից: Ճառը վերջացրեց վճռապէս պահանջելով, որ ժողովրդական դպրոցներում դասաւանդութիւնը լինի անպայման տեղական լեզուով, մանաւանդ առաջին երկու տարիները:

Անասելի յուզմունք բռնեց ինձ: Այդ զարմանալի մարդը քաջութիւն ունի բարձրաձայն ասել ու պահանջել այն ինչ որ իմ սրտիս խորքում մութ զգացմունք էր և որ ես քաշւում էի ուրիշներին յայտնել, որպէսզի չծաղրեն և շովինիստ չհամարեն: Այս սքանչելի մարդը հիմնում է իր պահանջները գիտութեան տուեալների վրայ, մանկավարժութեան և հոգեբանութեան: Իր խօսքը ուժ և հմայք ունէր, ինքը առաքեալի տեսք ունէր: Ուրեմն ես իրաւացի եմ եղել մերժելով տանել պարապմունքները ռուսերէն լեզուով:
-Եկէք, ծանօթացնեմ ձեզ Սիմոն Զաւարեանի հետ, լսուեց իմ ծանօթիս ձայնը:

Հազիւ կարողացայ զսպել իմ յուզումս և մի քանի խօսք մրթմրթացի խնդրելով նրանից մի քանի խորհուրդներ: Մի անուշ ժպիտ երևաց նրա դէմքին: Նա մի քանի հասցէներ և անուններ տուեց և մեկնեց: Շատ էր շտապում:
Ես այլևս պատեհութիւն չեմ ունեցած Սիմոն Զաւարեանին հանդիպելու, բայց նրա պատկերը մնաց անջնջելի իմ յիշողութեանս մէջ և նրա պատկերը մնաց իմ սրտումս:

Այդ դէպքը փոխեց իմ կեանքս: Ինձ թւում էր թէ մի բարեկամական ձեռք թևիցս բռնած դուրս էր բերում ինձ նեղ շրջանակից դէպի լայնը, անտարբերներից՝ որոնք միայն հեգնել և արհամարհել գիտէին դէպի ազգային մարդիկ, որոնք զգալ ու գործել գիտէին: Գնացի տուած հասցէներով, ծանօթացայ տ. Վ. Սահակեանին (Հայր Աբրահամի կինը), որը ինձ յայտնեց, թէ նրանք յաջողել են բանալ կիրակնօրեայ դպրոց՝ քաղաքի չքաւոր աշակերտուհիների համար, հայ և վրացի: Եւ կախում ունենալով ոչ թէ պաշտօնական շրջաններից, այլ քաղաքի ինքնավարութիւնից, դասաւանդութիւնը տանում են – ո՜վ հրաշք – մայրենի լեզուներով՝ հայերէն և վրացերէն: Ես անշուշտ, միացայ նրանց աշխատանքին, շատ համակրելի խումբ էր հաւաքուել դպրոցի շուրջը, բոլորն էլ երիտասարդ և աշխոյժ, բոլորն էլ ոգևորուած իրանց աշխատանքով: Խմբի անդամները շուտով զգացին, որ իրենք շատ քիչ բան գիտեն հայ մշակոյթի մասին, ուստի պահանջ՝ դրանով զբաղուելու: Նրանց օրինակին հետևեցան ուրիշները: Պետական դպրոցների աշակերտները սկսան միութիւններ կազմել ու դասախօսներ պահանջել: Ս. Զաւարեանի և նրա ընկերների ցանած սերմերը ծիլ էին հանել և սկսան աճել: Յայտնութիւն էր Կոմիտաս Վարդապետի գալը ճեմարանի աշակերտական խմբով: Իր երգահանդէսը ծանօթացրեց ազգային երաժշտութեան հարստութեան հետ և ընդունուեց ցնծութեամբ:

Մի ուրիշ յայտնութիւն եղաւ, երբ յայտնի ռուս գրագէտ Բրիւսովը եկած էր Կովկաս մի շարք դասախօսութիւններ կարդալու հայ միջնադարեան գրականութեան մասին: Իր դասախօսութիւնը սկսաւ այս խօսքերով.

-«Ողջունում եմ ձեզ ձեր տուած գանձերով»:

Այս դասախօսութիւնը վերին աստիճանի հետաքրքրական էր և մեծ խանդավառութիւն յառաջ բերաւ: Անշուշտ թերահաւատները չէին ուզում ընդունել, որ հայերը ունեցած են նշանաւոր գրողներ միջին դարերում և ասում էին ժպտալով – «Անշուշտ Բրիւսովը թարգմանելու ատեն շատ է գեղեցկացրել»:

Բայց ժողովրդի մէջ մեծ փոփոխութիւն էր նկատւում: Նրա մէջ արթնանում էր ինքնագիտակցութիւնը և պահանջը իր ազգային իրաւունքները պաշտպանելու: Նա հասունանում էր և կարծես պատրաստում էր նրան սպասող դժուար տարիներին դիմադրութիւն ցոյց տալ: Ինչպէս դա եղաւ եկեղեցական գոյքերի գրաւման և թաթարական անակնկալ յարձակումների ժամանակ:

Մեծ էր գործը Ս. Զաւարեանի և նրա ընկերների: Մենք ցաւելով զգում ենք նրանց բացակայութիւնը:

Այժմ, որ սփիւռքի մէջ մենք կանգնած ենք դժուար հարցի առաջ՝ մեր երիտասարդութեան այլասերման դիմաց, ի՞նչպէս չյիշել Սիմոն Զաւարեանին, որ իր աննկուն կամքով և խօսքի հմայքով մաքառում էր մայրենի դասաւանդութեան համար:
Յարգա՜նք իր յիշատակին:
______________________________________________________
1.Վարվառա Սահակեան, հետագայում Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանի անդամ:

haireniq oratert. 30.11.1952