Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղբյուրը՝arfd.am
Ամեն մարդու էլ հո չի կարելի անվանել ազնիվ և անկեղծ։ Ամեն մարդ էլ հո չի կարող լինել ազնիվ և անկեղծ։
Շատ հազարների մեջ մինը կարող է լինել ազնիվ և անկեղծ։ Էս տեսակ հազվագյուտ մարդկանցից մինն էր Սիմոն Զավարյանը։
Նա կարող էր սխալվել, բայց դիտավորությամբ չէր խաբիլ երբեք, ճշմարտության հանդեպ աչք փակելու սովորություն չուներ, չգիտեր գնալ բազմության հետևից, չգիտեր ձևանալ էն, ինչ որ չէր և միշտ մնաց անկեղծ, ինքնուրույն ու ինքնատիպ։
Բոլոր սրտով նվիրվեց ամեն գործի, ինչ գործի որ մոտեցավ՝ գիտական, հասարակական թե ազգային, տվեց ամեն բան, ինչ որ ուներ ու կարող էր տալ, և միայն մի մարդ կար, որին կյանքում անխիղճ կերպով զրկեց ամեն հարմարությունից, ամեն հաճույքից ու ամեն վայելքից— էդ էլ հենց ինքն էր։
Ինտելիգենտ ու կուլտուրական մարդ էր բառի ամբողջ իմաստով և զարմանալի քնքույշ սրտի տեր։ Ամեն անգթություն անտանելի էր նրա համար, ամեն անարդարություն ալեկոծում էր նրա հոգին, ինչ ասպարեզում ուզում է լիներ, և նա բնավ հանգիստ չկարողացավ ունենալ էս անգթություններով ու անարդարություններով լիքը կյանքում։
Գիտական-կուլտուրական անհատը հայտնվում էր նրա մեջ ոչ թե սովորական ճապաղ ու անզոր պատկերով, այլ որոշված էր լայն հայրենասիրության առողջ զգացմունքով և հայրենագիտության բուռն տենչով։
Տասնչորս տարուց ի վեր ձեռնարկած էր մեր երկրի ուսումնասիրության գործին— Սասուն, Տարոն, Կիլիկիա ու Կովկաս, հայի բազմապիսի աշխատանքը և ինքնուրույն կյանքը ներկայացնելու և գործի արդյունքը կարմրապսակ Սասունին հատկացնելու դիտավորությամբ։ Եվ դժվարանում էր «մեր գեղարվեստական և գեղեցիկ շրջանի մեջ, ո՞ր ճյուղի վրա կանգ առնել, բոլորն էլ այնքան են գեղեցիկ, այնքա՜ն են ինքնուրույն»։
Հենց էս խոշոր գործի ալբոմը կազմելու պատրաստության վրա էր, որ հեռագիրը գուժեց, թե ինքը էլ չկա։ Գնաց շատ գնացածների անդարձ ճանապարհով, և մենք նստած ենք մնացողների սովորական հաշվետվությանը, թե ինչ առաքինություններ ուներ նա։
Ինչքան էլ առաքինություններ ունենա մարդը, ամենից գլխավորն էն է, որ անկեղծ լինի ու ազնիվ։
Եվ Սիմոնը անկեղծ էր ու ազնիվ։
Սակայն մեր դժբախտ աշխարհքում, ուր շատ բան միանգամայն թարս է հասկացվում, նրա անկեղծությունն ու ազնվությունն էլ վերջը պատիժ դարձան իր գլխին, և նա գերեզման է իջնում ծանր տպավորությունների տակ։
Այս նյութամոլ, այս կեղծավոր դարի մեջ,
Արհամարհեց նա ամեն բարձ ու պատիվ,
Միշտ վառ պահեց այն երկնային ջահն անշեջ,
Եղավ բոլոր որբ սրտերի քաջ հովիվ:Ավ. Իսահակյան