|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հարցրեցին, թե մնո՞ւմ է այն կարծիքին, որ բուհերն ու կրթական հաստատությունները պետք է ապաքաղաքականացնել: Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ես իմ բոլոր ասածները հաստատում եմ: Մենք ունենք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծ, որը աշնանը պետք է հաստատվի: Չորեքշաբթի օրը հնարավորություն կունենամ մանրամասն հիմնավորել: Բուհական ինքնավարության խնդիրը բավական մեծ խնդիր է, բայց հիմա չենք կարող մասնակի կամ կտրուկ լուծում տալ դրան՝ մյուս խնդիրները չլուծելով, այդպես չի լինի: Դրա համար էլ աշնանը կքննարկենք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծը, որը համապատասխանելու է միջազգային ստանդարտներին: Բոլոնիայի գործընթացով մենք ունենք պարտավորություններ, որով համալսարանական ինքնավարությունը գերակա է»:
Նախարարին հարցրեցին նաև մարտի 8-ին ընդառաջ շրջաբերականի մասին, ըստ որի` դպրոցներում արգելվում է դրամահավաքը: «Եթե աշակերտը, մի փոքրիկ ծաղկեփունջ, մի փունջ մանուշակ ձեռքին, ի սրտե ցանկանում է իր ուսուցչին շնորհավորել, այստեղ որևէ խնդիր չկա: Բայց եթե տոնը կամ տոնակատարությունը սկսվում է թանկարժեք նվերների հավաքումով, ինչ-որ ստիպողական դրամահավաքությամբ, սա անընդունելի է: Մենք միշտ էլ մեր սիրելի ուսուցիչներին ու դասղեկներին նվեր արել ենք, բայց գնացել ենք, մի փոքրիկ ծաղկեփունջ գնել` բոլորս միասին, և դա շատ ավելի մեծ արժեք ունի ճիշտ ուսուցչի համար, քան արժեքավոր նվերներ հավաքելը»,- ասաց ԿԳ նոր նախարարը: