Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայտնել ենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցը: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը նախ նշեց, որ այս հարցն այնքան է քննարկվել, որ բովանդակային վերլուծությունների կարիք չկա, ապա անդրադարձավ այն դրույթին, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները կապվում են ԵԱՏՄ անդամակցության հետ:
«Կապ չենք տեսնում մատնանշվող խնդիրների և Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ: Պնդել, որ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը հետընթաց է ապրելու, դա կապել ԵԱՏՄ անդամակցության հետ, իրականությունը չի արտահայտում: Այո, խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ԵԱՏՄ անդամակցության հետ կապ չունեն»,- ասաց նա:
Ռուստամյանը շեշտեց, որ ՀՀ-ն կնքել է պայմանագիր և' ԵԱՏՄ-ի, և' ԵՄ-ի հետ, և այս պարագայում այս նախագիծը հայտնվել է խաղից դուրս վիճակում: «Մենք հիմա մի հարց ենք քննարկում, որը խաղից դուրս է»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` եթե եվրոպացին մասնագետները հակասություն տեսնեին ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի անդամակցության մեջ, չէին գնա համապարփակ համաձայնագրի ստորագրմանը: «ԵՄ-ի հետ 1200 էջանոց պայմանագրի մեջ չեմ տեսել մի ոլորտ, որ բաց է թողնված, և եթե այդ ամենը վերլուծում են եվրոպական մասնագետները ու չեն տեսնում հակասություն, մեզ մնում է օգտագործել այս նոր իրողությունը և ձեռք բերել մեր զարգացման համար նոր ռեսուրսներ»,- ասաց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է պառլամենտարիզմի փորձը, դրանով իսկ սահմանել է մի գործընթաց, որը հենց Եվրոպան է որդեգրել: «Իսկ քաղաքական համակարգը հիմնական գործոն է դեպի իրավական, ժողովրդավարական երկիր, դեպի մարդու իրավունքների պաշտպանություն: Դա ԵՄ-ն գնահատել է` ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է ընթանում, ՀՀ-ն տարածաշրջանում լավագույնս առանձնանում է նաև այս համատեքստում»,- եզրափակեց նա: