Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺում մեկնարկել է հերթական քառօրյան: Առաջին քննարկվող հարցն էր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հարցը մերժել էր, սակայն այն պետք է ներկայացվեր ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ իրենց այն առաջարկությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, մերժվել էր, և հիմա կմերժվի նաև այս նախագիծը: Նա ընդգծեց, որ դա իրազեկող և թացն ու չորը տարբերակող նախաձեռնություն է:
«Երբ մարդիկ հունվարի 1-ից կբախվեն թանկացումներին, կհիշեն, որ խորհրդարանում «Ելք» խմբակցությունը նման նախաձեռնություն ուներ, իսկ մյուս երեք խմբակցությունները դեմ էին: Եթե ԵԱՏՄ անդամակցությունը բարեբեր է մեր երկրի համար, և եթե ՀՀ-ն դրանով շարժվում է առաջ, ապա դուք կարող էիք կողմ լինել, ստեղծվեր հանձնաժողովը, և ձեր մասնագետներով կապացուցեիք, որ դուք ճիշտ եք, և որ այդ համաձայնագիրը ՀՀ-ի շահերից է բխում»,- հայտարարեց պատգամավորը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ չկա մի վերլուծություն, թե ԵԱՏՄ-ն լավ է Հայաստանի համար:
Պատգամավորի խոսքով` ահաբեկմամբ էր քննարկվում իրենց նախաձեռնությունը: «Ահաբեկում էիք, թե` սա կլինի, նա կլինի, եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից: Ձեր կողմից հակառուսական տրամադրություններ են երկրում տարածվել, իսկ մեր նախաձեռնության մեջ նման բան չկար: Մեր քննարկման նպատակն այն էր, որ Ռուսաստանը պետք է այստեղ տեսնի զարգացող և իր համար հզոր դաշնակից, սակայն հիմա նման բան չկա»,- նշեց Մարուքյանը:
Գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմիեն Նաղդալյանն էլ ասաց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հարցը քննարկվել է, բոլոր փաստարկները ներկայացվել են, իսկ այն փաստարկները, որ բերված են հիմնավոր չեն: «Չկա վերլուծություն, որ թանկացումները ԵԱՏՄ-ի հետ են կապված, չկա ցուցիչ, որ ներդրումների պակասեցումն ու այլ փաստարկներն ուղղակիորեն կապված են ԵԱՏՄ-ին ասոցացման հետ»,- ընդգծեց նա:
Նախագիծը մերժվեց ձայների` 6 կողմ, 76 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և նշեց, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի արհեստական հակադրումը չի բխում Հայաստանի շահերից:
Մարուքյանն էլ արձագանքեց, որ իրենց խմբակցությունը ոչինչ չի հակադրում: «Դուք մտածեք այն մասին, որ կարագն էնքան եք թանկացրել, որ մարդիկ կարագ են դնում բանկ` վարկ վերցնելու համար»,- ասաց պատգամավորը: