կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 14:50
Քաղաքական

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի փաստարկները հիմնավոր չեն. Ֆարմանյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի փաստարկները հիմնավոր չեն. Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստարկներին: Թե ինչպե՞ս է վերաբերվում այս առաջարկին, նա նշեց. «Ծանոթացել եմ փաստարկներին, կարծում եմ, որ մեր ներկայացրած ընթացակարգով, նախատեսված ժամկետում խորհրդարանում կդառնա քննարկման առարկա»:

Ֆարմանյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է այդ թեմայով ելույթ ունենալ` կարծիք հայտնելով, որ փաստարկները հիմնավոր չեն: «Բերված փաստարկները հիմնավոր և համակողմանի չեն, իսկ թե ինչո՞ւ եմ այդպես մտածում, խորհրդարանի լիագումար նիստի իմ ելույթում կանդրադառնամ»,- հայտնեց նա:

Ֆարմանյանը նաև անդրադարձավ իր ներկայացրած նախագծին: Հիշեցնենք, որ պատգամավորն առաջարկում է ուսումնասիրել ժողովրդագրական վիճակն ու միտումները: Հարցին՝ արդյո՞ք իշխանությանը մարտահրավեր չի նետում իր նախագծով, նա բացասական պատասխան տվեց: «Ոչ, բացարձակ, դա այդպես չէ: Ժողովրդագրական միտումները մեր երկրում իսկապես մտահոգիչ են»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ ժողովրդագրական միտումների խնդիրը հանգեցնում է արտագաղթին առնչվող խնդիրների քննարկմանը, որը, ըստ պատգամավորի, ժողովրդագրական միտումների վրա ազդող առաջնային գործոնն է, բայց ոչ` միակը, առաջնայինը:

«Ես նախատեսել եմ ընդամենը մեկ աշխատանքային ձևաչափով մեկ հանձնաժողովի ստեղծում, որը կարող է ներառել շահագրգիռ պատգամավորների, փորձագետների՝ փորձելու համադրել բոլոր մասնագիտական ռեսուրսները, նախ քննարկելու ճանապարհով գնահատել իրավիճակը և մեր անելիքները»,- ընդգծեց Ֆարմանյանը:

Հարցին՝ արդյո՞ք այս պայմաններում հնարավոր համարում է նախագահի այն տեսակետը, թե 2040 թվականին բնակչությունը պետք է լինի 4 մլն, նա արձագանքեց. «Ցանկացած պետության առաջնորդ միշտ ուրվագծում, նախանշում է այն թիրախները, որոնց պետական իշխանությունը պետք է ձգտի հասնել: Ես շատ ուրախ եմ, որ նախագահը ԱԺ-ում ունեցած ելույթում ընտրեց հենց այդ թիրախը: Դրա տակ համոզված եմ, որ կան նախագծված քայլեր և գործողություններ»:

Պատգամավորը նաև հավելեց, որ ՀՀ-ն ավելի կարևոր թիրախ առաջիկայում չի կարող ունենալ: