կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 16:40
Քաղաքական

Մենք ունենալու ենք դատական իշխանություն, որը ոչ թե կցորդ է, այլ առանձին իշխանություն. Ռուստամյանը` Բարձրագույն դատական խորհրդի մասին

Մենք ունենալու ենք դատական իշխանություն, որը ոչ թե կցորդ է, այլ առանձին իշխանություն. Ռուստամյանը` Բարձրագույն դատական խորհրդի մասին

ԱԺ-ն քննարկում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմի թեկնածուներին ընտրելու հարցը: Խմբակցությունների անունից ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` դժվար է թերագնահատել հարցի լրջությունն ու կարևորությունը մեր ապագայի համար:

«ՀՅԴ-ն այս ընտրություններին գնաց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Մենք նոր սկիզբը դրել ենք, նոր սկիզբն այս համակարգն է, բայց արդար Հայաստան դեռ չունենք, և այս կառույցը, որն ունի, մեր կարծիքով, ամենագլխավոր առաքելությունը, իմպլեմենտացիայի` այս նոր սահմանադրական կարգը կյանքի կոչելու փուլում, ունենա գլխավոր դերակատարությունը: Բարձրագույն դատական խորհրդից մեր մեծագույն ակնկալիքը դա է լինելու»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը համաձայնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն մտքի հետ, որ եթե օրենքի գերակայություն չկա, չկա իշխանության ճյուղերի տարանջատում, հակակշռում, զսպում, ուրեմն Սահմանադրություն էլ չկա: «Սա ճիշտ միտք է: Եթե այս ախտաճանաչումը կատարենք մեր անցած տարիների վրա, կտեսնենք, որ ունեցել ենք Սահմանադրություն, որով դե յուրե ունեցել ենք մի սահմանադրական կարգ, դե ֆակտո` այլ իրավահարաբերություններ` այլ հարաբերություններ իշխանության ներսում, հասարակության մեջ: Դա եղել է նրանից, որովհետև մենք ունեցել ենք անձնակենտրոն իշխանություն, որը բերել է անձ-իշխանության: Հիմա պետք է անցնենք մարդակենտրոն համակարգի»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` անձնակենտրոն իշխանությունը հանգեցրել էր նրան, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պաշտպանված էին իշխանությամբ կամ իշխանության գլխին էին, ասում էին` երկրում արդարություն է, որովհետև նրանց հանդեպ անարդարություն չէր կատարվում, բայց հենց դուրս էին գալիս իշխանության համակարգից, դժգոհում էին նույն այդ իշխանությունից, որովհետև հայտնվում էին այդ իշխանության անիվների տակ:

«Այդ անձնակենտրոնությունը բերել էր արդարության վերաբերյալ աղավաղված պատկերացման: Ես չեմ համարում, որ արդարությունը աբստրակտ հասկացություն է, այն շատ պարզ բանաձև ունի` մի չափ և մի կշիռ պետք է լինի, ինչպես Աստվածաշունչն է ասում, եթե հասնենք դրան, երկրում կլինի արդարություն: Արդարություն պետք է լինի բոլորի նկատմամբ, ոչ թե միայն նրանց, ովքեր իշխանությամբ պաշտպանված են: Դրա համար էլ շատ ճիշտ ախտաճանաչումը պետք է լինի մարդակենտրոն հասարակությունում»,- նշեց Ռուստամյանը և հավելեց, որ ամեն ոք մեր երկրում պետք է երաշխավորված լինի անարդարությունից:

Ըստ նրա` 30 երկրների փորձն են ուսումնասիրել և վերցրել դրական տարրեր, որոնք մեր երկրում պետք է տեղայնացնել: «Եթե մենք դա չանենք, անընդհատ դժգոհելու ենք իրարից, փորելու ենք` անցյալում ով էր մեղավոր, ով էր ճիշտ, թացն ու չորը միշտ խառնվելու է իրար, և ոչ մի տեղ էլ չենք հասնելու: Մենք  մի օր պետք է ունենայինք այս խիզախությունը` որդեգրելով միջազգային փորձից բխած արդարադատության հիմունքները, անկախ դատական իշխանություն ձևավորելու փորձը, և բերեինք Հայաստան, սա ենք արել: Մինչև հիմա մենք չենք ունեցել որակով, արդար դատական համակարգ, ուստի չենք ունեցել լիարժեք արդարադատություն»,- նշեց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով` բարեփոխումները հենց այդ դատական իշխանության ձևավորման հետ են կապված լինելու: «Մենք ունենալու ենք դատական իշխանություն, որը ոչ թե կցորդ է, այլ առանձին իշխանություն է, որի միջոցով մեր քաղաքացին կարող է իր իրավունքները պաշտպանել: Քաղաքացին պետք է ունենա երեք տարբեր իշխանություն` իր իրավունքները պաշտպանելու համար, այլ ոչ թե` ամբողջը մեկի տակ գնացող: Եթե ամբողջը մեկի տակն է գնում, երեք ճանապարհ չունես, միայն մեկ ճանապարհ ունես` պետք է լավ լինես այդ անձի հետ, որ քո խնդիրները լուծվեն: Մենք պետք է տարանջատենք, որ մեր քաղաքացին կարողանա երեք տարբեր ճանապարհներով իր իրավունքը պաշտպանի»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` այդ լիազորությունը հիմա տրված է այն դատական խորհրդին, որը պետք է ձևավորվի: «Այսօր ձևավորում ենք այդ իշխանության գլուխը, այդ առաքելությունը խորհուրդն ունի, առաջին քայլերը պետք է կատարի: Ես վստահում եմ այս կազմին: Պետք է ապացուցենք, որ մենք ճիշտ էինք, և դա ապացուցելու համար համատեղ պետք է գնանք, հստակ ճանապարհը տեսնելով` առաջ շարժվենք, մեր երկիրը դուրս բերենք այն լուսավոր ճանապարհին, որտեղ կլինի արդար Հայաստանը»,- եզրափակեց Ռուստամյանը: