կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-22 16:23
Հասարակություն

Տեղին չէ երրորդ ուղղությունը որպես ծառայության տեսակ դիտարկել, խառնաշփոթ կառաջանա. փոխնախարարը` ուսանողների առաջարկի մասին

Տեղին չէ երրորդ ուղղությունը որպես ծառայության տեսակ դիտարկել, խառնաշփոթ կառաջանա. փոխնախարարը` ուսանողների առաջարկի մասին

Հայտնել էինք, որ ԱԺ-ում ընթացող կլոր սեղան-քննարկումների ժամանակ ուսանողներն առաջարկել էին, որ 4 տարվա բակալավրիատի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնեն: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ի պատասխան այս առաջարկին, նշեց, որ այդքան էլ կողմ չէ զինծառայության նոր մեխանիզմին:

Նրա խոսքով` թե' «Պատիվ ունեմ» և թե' «Ես եմ» ծրագրերից երկուսն էլ վերաբերում են ժամկետային զինծառայության պարտականություն ունեցող քաղաքացիներին և հավելեց, որ եթե այս պահին նա, ով ընտրում է «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագիրը, դառնում է պայմանագրային, որովհետև պարտադիր սովորական զինծառայությունը 24 ամիս է, իսկ ծրագրով առաջարկները՝ 36 ամիս:

««Պատիվ ունեմ»-ն իր մեջ կարող է ունենալ տարբեր եղանակներ, այդ թվում` և ձեր ասածը, բայց տեղին չէ զուգահեռ երրորդ ուղղությունը որպես ծառայության տեսակ դիտարկել, այն պարագայում, երբ, միևնույն է, պետք է գա պայմանագրային ճանապարհով անցնի: Դա խառնաշփոթ կառաջացնի»,- ասաց նա:

Ըստ Զաքարյանի՝ «Պատիվ ունեմ»-ը լուծումներ կարող է գտնել՝ գիտնականին տալով հատուկ կարգավիճակ՝ նվազագույնը սպայի կարգավիճակ և պայմաններ:

«Եթե ինքը ձեր ասած փիլիսոփան է, պայմաններն այլ կերպ կլինեն: Բնագետ է, և նրան լաբորատորիա է պետք, ուրեմն պայմանները պետք է ստեղծվեն, որ բնագիտությունը չտուժի: Իրավաբանի դեպքում գուցե պետք է իրավաբանի հաստիք առանձնացնել գնդում, այսինքն՝ պայմանագրայինը նրա համար է, որ կարգավորի այդ հարաբերությունները: Դրա համար մենք չենք ուզում նոր ծառայության մեխանիզմ ստեղծել, երբ արդեն մեխանիզմները «Պատիվ ունեմ» ծրագրով իրականացվել են»,- ասաց փոխնախարարը:

Զաքարյանն ասաց, որ «Ես եմ»-ը այլ է, շարքային ծառայությանն է վերաբերում, ուսանողական դաշտից դուրս է:

Դավիթ Պետրոսյանն էլ ներկայացրեց իրենց առաջարկի և «Պատիվ ունեմ» ծրագրի տարբերությունը: ««Պատիվ ունեմ» ծրագրով կրթության անընդհատության սկզբունքն ընդհատվում է" Մեր առաջարկով, որը զուգահեռ կարող է լինել «Պատիվ ունեմ»-ին, հնարավորություն է տրվում շատ մարդ ներգրավել ու չկտրել կրթական անընդհատությունից»,- բացատրեց ուսանողը: Ըստ նրա` պետք է քննարկել, փորձել ցույց տալ առավելությունները: «Հասկանալ՝ սրա հետ կախված ինչ դիրքորոշում կա»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: