կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-18 14:55
Հասարակություն

Պապիլոմա վիրուսի դեմ տղաներին պատվաստելու հարց էլ կառաջանա. Գագիկ Բազիկյան

Պապիլոմա վիրուսի դեմ տղաներին պատվաստելու հարց էլ կառաջանա. Գագիկ Բազիկյան

Պապիլոմա վիրուսը նույնքան վտանգավոր է նաև տղաների համար. ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 
«Ինչո՞ւ ենք միայն աղջիկներին պատվաստում, այս առումով ի՞նչ հետազոտություն կա»,- հարցրեց նա, ապա շեշտեց, որ շահարկվում է, թե պտղաբերության հետ այն առնչություն ունի: 

Առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիսպանսերային և պոլիկլինիկական գծով փոխտնօրեն և ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գագիկ Բազիկյանը պատասխանեց, որ տղաների հարցն էլ է առաջանալու, որովհետև շատ եվրոպական երկրներ տղաներին էլ են սկսել պատվաստել: 

«Ապացուցված է, որ երբ  արգանդի  վզիկի քաղցկեղը հայտնաբերում ենք, 99-98% դեպքերում հայտնաբերում ենք պապիլոմա վիրուսը: Գիտենք, որ քաղցկեղն ունի  զարգացման բազմաթիվ թեորիաներ: Եթե մենք գիտենք արգանդի վզիկը կոնկրետ այս վիրուսով է առաջանում, այլ ուռուցքների ժամանակ դա ապացուցված չէ, այդ իսկ պատճառով էլ միայն արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ է լինում այդ վիրուսի ներկայությունը»,- ասաց նա: 

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով էլ` տղաներն ունեն ուղղակի փոխանցող օղակի դերակատարություն, և 11 երկրում պատվաստում են նաև տղաներին, որպեսզի չփոխանցվի: 

Փաշինյանն էլ նշեց, որ ստացավ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: «Բայց եթե ՀՀ-ում կա որևէ մասնագետ, ով նաև այս քննարկումների արդյունքում համարում է, որ պատվաստումները տեղի չունենան, ես այդ մասնագետին կոչ եմ անում արձագանքել, նաև` ֆեյսբուքյան էջով: Պատգամավորներից ոմանք անմատչելի չեն, եթե ասելիք ունենան, կգտնեն: Այսօրվա քննարկումներից որևէ ազդանշան չկա, որ որևէ բան պետք է պարզվի, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունը պետք է դիտարկել»,- եզրափակեց պատգամավորը: