Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանը թևակոխել է սոցիալ-տնտեսական ցնցումների փուլ, որը չի կարող չունենալ ներքաղաքական դրսևորումներ: Նավթի գինը համաշխարհային շուկայում մեկ բարելի դիմաց երբեք այլևս հարյուր դոլար չի լինելու, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում ֆինանսական և քաղաքական ռեսուրսների համար պայքարը գնալով սրվելու է. Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Նշենք, որ VoskanapatInfo-ն այսօր ուշագրավ նյութ է հրապաակվել, որում նաեւ կա Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի զեկուցագիրը, ըստ որի` 2016թ.-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստներն են` 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
Ըստ պատգամավորի` ալիևյան ռեժիմը լավ հասկանում է իրավիճակի բարդությունը` փորձելով կանխարգելիչ քայլեր կատարել երերացող իշխանության կայանությունն ամրապնդելու համար: Իսկ ջրի երես դուրս եկած փաստաթղթերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն թաքցնում է իրականությունն իր ժողովրդից: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանում բոլորը չեն հիմարի կարգավիճակում, և քննարկում, այնուամենայնիվ, գոյություն ունի:
«Մարդիկ չեն ցանկանում ապրել ապուշացված կարգավիճակում և հարցեր ունեն իշխանությանը: Օրինակ` հրապարակված փաստաթղթերից մեկում առկա` հինգ հարյուրից ավելի զոհերի թիվը չի կարող հարցեր չառաջացնել Ադրբեջանի ժողովրդի մոտ առ այն, թե այդչափ արյան գնով ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանի բանակը, ի՞նչ փոխեց սահմանին, և, ընդհանրապես, ի՞նչ տվեց 2016թ. ապրիլյան ռազմական արկածախնդրությունն Ադրբեջանին: Սրանք շատ ծանր հարցեր են, որոնց ինչ-որ կերպ արձագանքել է պետք: Ադրբեջանի իշխանության համար ամենալավ օրերը չեն հիմա»,- նշեց Հակոբյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն իր տեսաբլոգում, անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետևանքներին, նշել է, թե և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում, եւ որ ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ, որ «ռուսներն ասել են` հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք», ինչի՞ մասին են խոսում Սադիգովի այս ակնարկները, պատգամավորը պատասխանեց. «Ադրբեջանում իրենց ռազմական պարտությունները միշտ էլ փորձել են Ռուսաստանի հանգամանքով պայմանավորել: Քսան տարուց ավելի իրենց ժողովրդի մեջ ներարկում են, որ 90-ականներին հայերին չեն պարտվել, այլ` ռուսներին: Ռուսներով, ամերիկացիներով, եվրոպացիներով իրենց պարտությունները պայմանավորելը ոչ միայն հարմար է ադրբեջանցիների համար, այլև սովորույթի նման մի բան է դարձել»:
Հակոբյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ուժային կառույցներում տիրող ներքին լարվածությանը։ Ըստ նրա` համապատասխան ուժային կառույցներում եղած ինտրիգային իրավիճակը մեկ կամ երկու տարվա պատմություն չունի, միշտ է եղել, պարզապես հիմա իրավիճակը գնալով լարվում է, հարաբերությունները սրվում են: «Իշխանության մեջ եղած կլանները փորձում են ամեն գնով ամրապնդել իրենց դիրքերն ուժային կառույցներում, իսկ դա կարող են անել միայն մեկը մյուսի հաշվին, այդ պատճառով էլ վիճակը շիկանում է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։