Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում կադրային տեղափոխություններ են տեղի ունենում ՀՀ տարբեր պետական, մասնավորապես` ուժային կառույցներում:
Այսպես` դեռևս 2015-ի հունվարին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով, կադրային փոփոխություններ տեղի ունեցան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Մասնավորապես` տեղափոխության արդյունքում փոխվեցին ծառայության` Երևանի մի քանի վարչական շրջանների, ինչպես նաև Արագածոտնի, Լոռու, Սյունիքի մարզերի պետերը: Ընդամենը մեկ ամիս անց էլ նմանատիպ փոփոխություններ գրանցվեցին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմերում: Մասնավորապես` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամաններով՝ փոխվեցին «Արթիկ», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» ՔԿՀ-ների պետի տեղակալները: Ընդամենը մեկ ամիս անց էլ փոխվեցին մի քանի ՔԿՀ-ների պետեր, մասնավորապես` «Արմավիր», «Հրազդան» և «Աբովյան» (թեև տվյալ ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանի ազատումը պայմանավորված էր թոշակի անցնելով): Իսկ արդեն այսօր, արդարադատության նախարարի հրամանով, տեղի ունեցան ՔԿՀ-ների պետերի տեղափոխություններ:
Վերջին օրերին էլ լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան ՀՀ ոստիկանության համակարգում: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ էր ստորագրել ոստիկանության մի շարք մարզային և քաղաքի վարչությունների պետերի այլ բաժին տեղափոխելու, ոմանց կադրերի ռեզերվ ուղարկելու վերաբերյալ: Տեղափոխությունների արդյունքում փոխվեցին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի, Կոտայքի մարզի քննչական բաժնի, Նաիրիի քննչական բաժանմունքի պետերը, ոստիկանության Արթիկի, Գորիսի, Կապանի, Կումայրիի բաժնի պետերը: Ոստիկանապետի հրամաններով` կադրերի ռեզերվ ուղարկվեցին ոստիկանության Նաիրիի բաժնի քննչական բաժանմունքի պետը, Շիրակի մարզի քննչական բաժնի ղեկավարը, ոստիկանության Ախուրյանի և Չարենցավանի բաժնի պետերը:
Թեև ՀՀ ոստիկանությունը փոփոխությունները բացատրում է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կատարված գործընթացով, սակայն, yerkir.am-ի հավաստի տեղեկություններով, այս և վերոհիշյալ մյուս ուժային կառույցների կադրային փոփոխությունների հրահանգն իջեցվել է վերևից: Մեր աղբյուրները վկայում են, որ, ըստ հրահանգի, փոխվելու են 5 տարի ուժային կառույցներում նույն պաշտոնը զբաղեցնողները:
Ըստ մեր աղբյուրների՝ փոփոխությունների գլխավոր նպատակը հիշյալ կառույցներում կոռուպցիոն երևույթները նվազեցնելն է` հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ուժային, հատկապես` կոռուպցիոն տեսանկյունից ռիսկային կառույցներին: 5 տարի նույն պաշտոնին «բազմելն» ու գրեթե նույն անձնակազմի հետ շփվելը, ըստ մեր աղբյուրի, ենթադրում է, որ տվյալ պաշտոնյան ոչ միայն «տիրապետում է» իր գործին, այլև լավատեղյակ է կառույցի ներքին խոհանոցից, օրինակ` այլ ճանապարհներով ստացվող ֆինանսական հոսքերից: Սակայն չի բացառվում, որ նման փոփոխությունները հակառակ արդյունքը տան, քանի որ մի նրբություն, այնուամենայնիվ, կա. նոր պաշտոնում միայն մասնագիտական գիտելիքներն ու փորձը բավարար չեն լավ աշխատելու համար, կարևոր է հատկապես տվյալ բաժնի, այսինքն` դրա ենթակայության տակ գտնվող տարածքի վերաբերյալ մաքսիմալ տեղեկացված լինելը: Օրինակ` ոստիկանության Կապանի բաժնի նախկին պետը, հավանաբար, ավելի լավ տեղեկացված կարող էր լինել իր տարածքում գոյություն ունեցող «քրեածին տարրեր» կամ, ասենք, հանցագործության հնարավոր թիրախների մասին, քան, օրինակ, Երևանից Կապան տեղափոխված նոր պետը: Այսինքն` մինչ նորանշանակ ղեկավարը հարմարվի նոր պայմաններին, տարածքին կամ խնդիրներին, տևական ժամանակ կպահանջվի, ինչն էլ, բնականաբար, ինչ-որ ձեւով բացասաբար կանդրադառնա նրա լիազորությունների պատշաճ և արդյունավետ կատարման վրա:
Մնում է հուսանք, որ փոփոխությունները, այդուհանդերձ, դրական կանդրադառնան հիշյալ կառույցների զարգացման վրա:
Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում: