կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 10:54
Իրավական

Վախենում են վենդետայից. Շամիրամում սպանդի գործով կասկածյալի գյուղում ուժեղացված հսկողություն է

Վախենում են վենդետայից. Շամիրամում սպանդի գործով կասկածյալի գյուղում ուժեղացված հսկողություն է

Հայտնել ենք, որ հանրապետության տարածքում ոստիկաններն ուժեղացված հոսկողություն են իրականացնում երեկ Շամիրամ գյուղում 4 մարդու սպանության և 6 անձի վիրավորման պատճառ դարձած միջադեպի գործով կասկածյալ` 50-ամյա Թելման Քալաշյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկվանից ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում նաև Քալաշյանի՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող տանն ու նրա հարազատներին պատկանող տներում՝ ենթադրյալ վենդետայից խուսափելու համար:

Մեր տեղեկություններով՝ Քալաշյանի ընտանիքի անդամներն այս սեզոնին գտնվում են սարում և զբաղվում անասնապահությամբ:

Yerkir.am-ի հետ զրույցում Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը հայտնեց, որ Քալաշյանների հետ մոտ չի եղել, բայց ճանաչում է նրանց: Նա հայտնեց, որ Թելման Քալաշյանը երեք աղջիկ ունի և որդի:

«Նորմալ, աշխատող-ապրող մարդիկ են, անասնապահությամբ են զբաղվում»,- ասաց նա՝ նշելով, որ Թելման Քալաշյանի  եզդի հարազատները նույն թաղամասում են բնակվում:

Գյուղապետը նշեց, որ ընտանիքի սոցիալական վիճակը նորմալ է: «Ոչխար են պահում, եկամուտ ստանում: Որ ասես` ֆինանսական հարցեր են ունեցել, դժվար, սովորական աշխատող մարդիկ են` իրենց ոչխարները, իրենց գործը»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ գյուղում դժվարությամբ են հավատում, որ նման բան է եղել: «Մինչև չի լինում՝ չես հավատում, ասում են` շատ ջղայնացել, արել ա, բայց ոչ ոք իրեն չի տեսել գյուղից ջղայնացած դուրս գալուց»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Շամիրամ գյուղում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահի տարածք, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

տեղծվել է քննչական խումբ: Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: