կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-14 16:26
Իրավական

Բազմաթիվ եզդիներ են ժամանել ՌԴ-ից` Շամիրամում սպանդի գործով դատավարությանը հետևելու. լուսանկարներ

«Թաղեմ բալիդ», «Տունդ ցրվի», «Սրան պիտի վառենք», «Տեռորիստ», «ԻԳԻԼ», «Ում պիտի սպանեիր՝ իրան սպանեիր». այս և այլ արտահայտություններով եզդիներն այսօր դատարանում դիմավորեցին 2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող` 50-ամյա Թելման Քալաշյանին: Դահլիճում ներկա տուժողները և նրանց հարազատները եզդիերեն անեծքներ ուղղեցին ամբաստանյալին՝ մեղադրելով նրան գյուղացիներին կոտորելու մեջ:

Այս գործով դատավարությանը մասնակցելու համար մի քանի տասնյակ եզդիներ էին եկել Ռուսաստանի Դաշնությունից, ոմանք դատարան էին ժամանել անգամ միկրոավտոբուսներով:

Նախքան նիստի մեկնարկը` նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դեմ չեն, որ դահլիճում ներկա լրագրողները տեսանկարահանում իրականացնեն: Մեղադրող դատախազները չառարկեցին, սակայն ամբաստանյալները թույլ չտվեցին նկարահանում իրականացնել:

Լրագրողները խնդրեցին դատավորին` թույլ տալ մասնակի նկարահանում իրականացնել՝ լուսաբանել դատաքննության ընթացքն՝ առանց նկարելու ամբաստանյալներին: Դատավորը համաձայնեց և թույլատրեց մասնակի նկարահանում իրականացնել: Սակայն գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ որևէ երաշխիք չկա, որ դրանով չեն խախտվի իր պաշտպանյալի իրավունքները: Մեղադրող դատախազն էլ իր հերթին նշեց, որ գործը հանրային հնչեղություն ունի, և պետք է նկարահանում իրականացվի:

Այսօրվա դատական նիստում հայտնի դարձավ, որ ամբաստանյալները չեն ստացել մեղադրական եզրակացությունը: Հենց այդ հիմքով էլ դատական նիստը հետաձգվեց:

Yerkir.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Միշա Օզմանյանը հայտնեց, որ սպանդի հետևանքով զոհվել են իր եղբայրն ու հորեղբոր որդին: Նա նույնպես ՌԴ-ից էր եկել` դատավարությանը մասնակցելու:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հնարավոր է` Թելման Քալաշյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է արարքը կատարել, Օզմանյանն արձագանքեց. «Անհնար է, հեռախոսով հայհոյել են, դա րոպեական գործ էր: 50 կմ քշելով` եկել, հասել է սգո սրահ, առանց խնայելու, առանց նայելու` ժողովրդին սպանել»:

Մանրամասները  Yerkir.am-ի տեսանյութում: