կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 11:13
Իրավական

Շամիրամում սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի տանը զենքեր են հայտնաբերվել

Շամիրամում սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի տանը զենքեր են հայտնաբերվել

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում սպանդ կատարելու կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանի տանը խուզարկություն է կատարվել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող` Քալաշյանի տանը ՝ հյուրասենյակի բազմոցի դարակի մեջ, հայտնաբերել են «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտով։ Թոնրատանն էլ քննիչները հայտնաբերել են չհաշվառված «ԻԺ-18 Ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան։

Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում Քալաշյանի տանն ու նրա հարազատներին պատկանող տներում՝ ենթադրյալ վենդետայից խուսափելու համար: Մեր տեղեկություններով՝ Քալաշյանի ընտանիքի անդամներն այս սեզոնին գտնվում են սարում և զբաղվում անասնապահությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահի տարածք, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ: Ստեղծվել է քննչական խումբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Թ. Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:  Նշենք նաև, որ հանցագործությունը պարտակելու կասկածանքով ձերբակալվել է Քալաշյանի հորեղբայրը, ով, ըստ գործի նյութերի, մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Թ. Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի: