կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 17:10
Իրավական

Հայտնի է՝ ով է պաշտպանելու Շամիրամում սպանդի գործով մեղադրյալի շահերը

Հայտնի է՝ ով է պաշտպանելու Շամիրամում սպանդի գործով մեղադրյալի շահերը

Օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող 50-ամյա Թելման Քալաշյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Նա Yerkir.am-ին հայտնեց, որ այս գործով նոր է ներգրավվել` որպես պաշտպան: Գրիգորյանը հայտնեց, որ արդեն տեսակցել է Քալաշյանին, սակայն առայժմ չի կարող ներկայացնել մեղադրանքի հետ կապված` իր պաշտպանյալի դիրքորոշումը: Նա հայտնեց, որ դեռ պետք է ծանոթանա քրեական գործի նյութերին:

Հիշեցնենք, որ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Թ.Քալաշյանը հայտնաբերվել էր օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նախնական քննության տվյալներով՝ 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, տոկոսով 75.000 (յոթանասունհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 (քառասունհինգ հազար) ԱՄՆ դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին: Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը և տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: Հերթական անգամ՝ 2017թվականի օգոստոսի 01-ին՝ առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Թ.Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին: Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։