կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 12:15
Իրավական

Դեպքի նախորդ օրը ծեծել ու նվաստացրել են իրեն. Շամիրամում սպանդի մեջ մեղադրվողը խոսել է

Դեպքի նախորդ օրը ծեծել ու նվաստացրել են իրեն. Շամիրամում սպանդի մեջ մեղադրվողը խոսել է

Այս տարվա օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող` 50-ամյա Թելման Քալաշյանը դեպքի պահին եղել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքը պարզելու համար համապատասխան փորձաքննություն կնշանակվի:

Հիշեցնենք, որ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանությունը), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը) և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):

Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ այս գործով նախաքննությունն ընթացքի մեջ է, Քալաշյանը շարունակում է ցուցմունքներ տալ և գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ հայտնել: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, մահացածների և վիրավորների հետ որևէ խնդիր չի ունեցել, բացառությամբ սպանվածներից մեկի, ով, ըստ Քալաշյանի ցուցմունքի, նախօրեին եղել է իրեն ծեծի ենթարկողների թվում:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Քալաշյանը տարիներ շարունակ գումարային պարտք ու պահանջի խնդիր է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրների հետ: Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ 4-5 տարի առաջ Քալաշյանը 100.000 դոլար գումար է պարտքով տվել ռուսաստանաբնակ Խուդոյաններին, որով նրանք պետք է ավարտին հասցնեին ՌԴ-ում կառուցվող հյուրանոցի շինարարությունը: Խուդոյաններն այս տարիների ընթացքում պարտքով տված գումարից ընդամենը 25.000 դոլարն են վերադարձրել, իսկ մնացածը հրաժարվել են տալ: Իսկ նախաքննական մարմնի այն փաստարկը, ըստ փաստաբանի, թե իբր Քալաշյանն այդ գումարը տոկոսով է տվել, և եղբայրները երկու տարվա ընթացքում նրան մաս-մաս տվել են, ընդհանուր առմամբ, 45.000 ԱՄՆ դոլար, իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ այդ փաստը կարող է հիմնավորվել նաև իր պաշտպանյալի՝ դեպի Ռուսաստան կատարած հեռախոսազանգերի վերծանումներով:

Գրիգորյանը հայտնեց, որ Քալաշյանի դուստրը հաշմանդամություն ունի և բուժվում է Գերմանիայում: Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը ստանալու հարցում նրանց միջամտությունը, որպեսզի կարողանա հոգալ իր երեխայի բուժման ծախսերը: «Նրան հասցրել են այդ վիճակին»,- ասաց Գրիգորյանն ու մանրամասնեց. «Դեպքի նախորդ օրը Գերմանը և այլ անձինք Թելմանին ծեծել ու նվաստացրել են, 10.000 դոլար գումարը շպրտել են դեմքին, ասել` եթե նորից գումար ուզես, մենք քեզ կսպանենք: Սակայն նա այդ գումարը ոտքով հետ է հրել: Անգամ դրանից հետո Թելմանը վատ տրամադրված չի եղել: Հաջորդ օրը՝ օգոստոսի 1-ին, դարձյալ զանգահարել է Գերմանին, ասել՝ Գերմա'ն ջան, էդ փողը տվեք, ես հիվանդ երեխա ունեմ, ով Գերմանիայում բուժվում է: Ի պատասխան՝ Գերմանն ասել է՝ մյուս անգամ չզանգես, ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Թելմանի մոր և կնոջ հասցեին»: Պաշտպանի խոսքով՝ Թելմանը, լսելով հայհոյանքները, կորցրել է ինքնատիրապետումը: «Թելմանն ասել է՝ համ փողս չտաք, խաբեք, քցեք ու վերջում էլ մեր ու կին հայհոյե՞ք: Նա իմացել է, որ Գերմանը եղել է սգո սրահում, մեքենայից վերցրել է զենքն ու մտել սգո սրահ: Մտնելով ներս՝ ասել է` ժողովո'ւրդ, հանգիստ մնացեք, ինձ Գերմանն ա պետք», սակայն ամեն ինչ խառնվել է իրար: Թելմանի ուղեղը մթագնել է, և նա սկսել է անկանոն կրակոցներ արձակել, ինչի հետևանքով սպանվել են մարդիկ, որոնց հետ նա որևէ խնդիր չի ունեցել»:

Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ իրենք վիճարկում են ոչ թե սպանությունների փաստը, այլ պնդում են, որ սպանության շարժառիթն է այլ եղել: Ըստ նրա՝ իր պաշտպանյալին ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի և նրան մեղադրանք առաջադրվի ՀՀ ՔՕ 105-րդ 2-րդ մասի հատկանիշներով, այն է ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով): «Թելման Քալաշյանը կրակոցներն արձակել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում»,- պնդեց փաստաբանը:

Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ մեղադրանքը, քանի որ իր մոտ եղած և բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված զինամթերքն օրինական է եղել: Անդրադառնալով Քալաշյանի` շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվելու հանգամանքին` նա նշեց, որ այդ կերպ Քալաշյանը խուսափել է տուժողներից, քանի որ իմացել է, որ որտեղ բռնեն՝ կսպանեն:

Նշենք, որ Կրոմվել Գրիգորյանը պաշտպանում է նաև Թելման Քալաշյանի 67-ամյա հորեղբոր շահերը: Այս գործով կալանավորված` Քալաշյանի հորեղբայրը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Համաձայն գործի նյութերի՝ սգո սրահից դուրս գալուց հետո Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի:

Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ Քալաշյանի հորեղբորն առաջադրված մեղադրանքը ևս ապօրինի է: Նա հայտնեց, որ սգո սրահից դուրս գալուց հետո 3 մեքենայով հետապնդել են Քալաշյանին, որպեսզի սպանեն նրան: «Նրա հորեղբայրը, ով նույնպես սգո սրահում է եղել, Քալաշյանին փախցրել է այնտեղից, որպեսզի նրան չսպանեն, որովհետև եթե նա չգնար, հաստատ այդ երեք մեքենաներով հետապնդողները կսպանեին Քալաշյանին»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա` իրականությանը չի համապատասխանում նաև նախաքննական մարմնի ներկայացրած այն վարկածը, թե իբր հորեղբայրը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից: «Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, իսկ Քալաշյանի հորեղբայրը հաջորդ օրը կամավոր ներկայացել է բաժին»,- ասաց Գրիգորյանը:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ