կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 13:30
Մշակույթ

Նախատեսում ենք կինոդպրոց բացել. Արմեն Ամիրյան

Նախատեսում ենք կինոդպրոց բացել. Արմեն Ամիրյան

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ անկախության 25-րդ տարեդարձին 41 նպատակային մշակութային ծրագեր են իրականացվել, մասնակցել են միջազգային մշակութային միջոցառումների: Ըստ նախարարի՝ 2016-ին նախարարության համակարգի թանգարաններ է այցելել 712 382 մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 48 227-ով: «12%-ի մասին է սա խոսում: Ի դեպ, այս տարի հունվարից եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ թանգարաններում ունենք 20-30% աճ: Զզբոսաշրջանը դեռ շարունակվում է, և միտում կա որոշ դեպքերում կարող ենք արձանագրել մինչև 45% աճ: Մասնավորապես` Գառնիում ունենք 40%-ից ավելի աճ»,- ասաց Ամիրյանը:

Ըստ նրա՝ ամրացվել է 2303 և վերականգնվել` 971 թանգարանային առարկա: Թանգարանային ֆոնդերը համալրվել են 9836 առարկայով՝ պեղումների, նվիրատվությունների արդյունքում: Ամիրյանը հայտնեց, որ ֆոնդերում կուտակվել են բավական շատ թանգարանային նմուշներ, կարիք կա նոր թանգարաններ ստեղծելու, որ չմնան պահոցներում: Վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, սկսվել են Դերենիկ Դեմիրճյան թանգարանի վերանորոգման աշխատանքները, Գորիսում՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանի: Դսեղում` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, կառուցվում է ենթակառուցվածքներ՝ հուշանվերների խանութ, սանհանգույց և հանգստի փոքրիկ կետ:

«Ինչո՞ւ, որովհետև ինչ էր կատարվում` եթե տուն-թանգարանի տոմսն արժեր 300 դրամ, այնտեղ չկար պարզ սանհանգույց, և հարևան տան բակում սանհանգույցը հարևանը տրամադրում էր ճիշտ նույն գնով, ինչ տոմսն էր՝ 300 դրամ»,- ասաց նախարարը:

Կինոյի ոլորտի մասին խոսելով` Ամիրյանն ասաց, որ քիչ մասնագետներ կան, ովքեր էլ խորհրդային շրջանից են և նոր չափանիշներին չեն տիրապետում, և ամենակարևորն է՝ լեզուներ չգիտեն: Ըստ նախարարի` նախատեսում են կինոդպրոց բացել՝ վեցամսյա ծրագրով, և հրավիրել միջազգային կինոընկերությունների մասնագետների, օրինակ՝ «Նյու Յորք ֆիլմ» ակադեմիայից: Նախարարի խոսքով՝ տեխնիկական բազա էլ չկա, և եթե երկու լիամետրաժ ֆիլմ արտադրվի միաժամանակ, տեխնիկա չկա: Հենց ֆիլմարտադրության ինստիտուտ ստեղծելով էլ` կփորձեն այդ հարցը լուծել, որի շրջանակում կկարողանան 8-10 ֆիլմ նկարահանել:

Ամիրյանը նաև նշեց` քանի որ Երևանում 4 կինոդահլիճ է գործում, 80-100 մլն դրամի շրջանառություն է ապահովում մեկ ֆիլմը, այսինքն` ինքնածածկում չի լինում, արդյունքում` որակը ցածր է լինում: Ըստ նրա՝ պետք է ստեղծել հանրապետական կինոցանց, սպառման դաշտ՝ 30-40 կինոդահլիճ, որը կապահովի 400 մլն դրամ, և դա կինոարտադրողներին հնարավորություն կտա աճելու: «Հակառակ պարագայում կլինի նույնը, ինչ գրահրատարակչության ոլորոտում` անընդհատ բյուջեի հաշվին»,- ասաց նա:

Արմեն Ամիրյանը նաև տոմսերի վաճառքի խնդրին անդրադարձավ և նշեց` քանի որ դպրոցներում տոմսերի գնումը ընկալվում է որպես կոռուպցիոն ռիսկ, եկել են որոշման, որ իրացնել պետք չէ, պետք է նվիրել` հաշվի առնելով դահլիճների 10% ազատ տեղերը: Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ աբոնեմենտներ են նվիրելու երեխաներին, որ հաղորդակցվեն ժամանակակից արվեստին: