կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 17:11
Մշակույթ

Ես քանդող չեմ. Արմեն Ամիրյան

Ես քանդող չեմ. Արմեն Ամիրյան

Պատմամշակութային հուշարձանները, դրանց միջավայրը պետք է պահպանվեն. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա նշեց նաև, որ եթե մինչև վերջերս հուշարձանների պահպանման մասին օրենքի բացթողում կար, հիմա փորձում են լրացնել այդ բացը և հուշարձանների ցանկում ներառել նաև այն շենքերը, որոնք դուրս են մնացել: «Խոսքը միայն Երևանի տարածքի մասին չէ: Ես սկսում եմ սարսափել, երբ մտածում եմ, որ այդ «ագրեսիան» կարող է տեղափոխվել Գյումրի: Օրենքն անկատար էր, և հիմա փորձում ենք քայլեր անել»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է լինելու Արամ Մանուկյանի տան ճակատագիրը, քանի որ խոսակցություններ կան, որ այն ավտոկայանատեղիի է վերածվելու, նախարարը պատասխանեց, որ շենքը ներառված է հուշարձանների ցանկում, ունի երրորդ սեփականատեր, և օրենքն է շենքը պահպանում: «Ես չէ կամ նախարարությունը չէ, որ պետք է գնանք, պահպանենք այն: Առավել քան վստահ եմ, որ այն չի քանդվելու: Ավելին` հունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան տարելիցն է, և մենք մշակութային մի միջոցառում ենք նախատեսել` մարդկանց ուշադրությունն այդ շենքի վրա սևեռելու համար: Միայն մի խնդիր կա` չեմ կարողանում գտնել շենքի նոր սեփականատիրոջը, քանի որ կուզեի նրա հետ էլ զրուցել, որ նա խոստանա մարդկայնորեն, որ չի քանդվելու այն` չնայած փաստին, որ օրենքով պահպանված է շենքի լինելիությունը»,- ասաց Ամիրյանը:

Նա նշեց նաև, որ եթե կան շենքեր, որոնք ներառված չեն հուշարձանների ցանկում, կարող են հուշել նախարարությանը, և իրենք քայլեր կձեռնարկեն: «Ես քանդող չեմ»,- հուսադրեց նախարարը: