կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 16:09
Մշակույթ

Քիչ-քիչ գնում ենք նրան, որ օպերա հաճախեն ոչ թե ջինսերով, այլ պատշաճ հագուստով. Արմեն Ամիրյան

Քիչ-քիչ գնում ենք նրան, որ օպերա հաճախեն ոչ թե ջինսերով, այլ պատշաճ հագուստով. Արմեն Ամիրյան

Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը, չի կարել այն անպայման կապել ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում. լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հասարակության արձագանքին` օպերայի տարածքում ռեստորան կառուցելուն:

Ըստ նախարարի` հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը ռեստորանի նկատմամբ և, առհասարակ, այն ենթակառուցվածքների, որոնք նախաձեռնում են ստեղծել օպերային թատրոնում:

«Ես հասկանում, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց մենք ուզում ենք նոր մշակույթ բերել, այն մշակույթը, որը մեր իրականության մեջ չկա, բայց մեր ժողովրդի համար կարևոր է: Այս ամբողջ նախաձեռնությունը կապված չէ թատրոնների թերֆինանսավորման հետ, նախաձեռնությունն այդ բացը լրացնելու համար չի արվելու: Նման ծրագրերն ուղղված են ոչ թե նրան, որ մենք կարողանանք գումար վաստակել, այլ` ստեղծենք մթնոլորտ, որ հանդիսատեսը գնա ներկայացում դիտելու. մենք պետք է ներկայացումներով դրամ վաստակենք»,- ասաց նախարարը:

Ամիրյանը վստահեցնում է, որ ամբողջ աշխարհը հաճախում է օպերա այլ մթնոլորտում: «Մեր հասարակությունն արժանի է, որպեսզի գեղեցիկ մթնոլորտում կարողանա իր երեկոն կազմակերպել: Շատ օպերային թատրոններում նույնիսկ արհեստական անտրակտներ են հայտարարում, որպեսզի մարդիկ հաղորդակցվեն իրար հետ: Մենք քիչ- քիչ գնում ենք նրան, որ մշակույթ փոխվի, որ օպերա հաճախեն ոչ թե ջինսերով, այլ պատշաճ հագուստով»,- ասաց նա:

Նախարարը կոչ է անում ռեստորանների փոխարեն ավելի շատ քննարկել թատրոնների խաղացանկը: «Օպերայում փոփոխություններ են սպասվում, և շուտով ներկայացումները կլինեն թարգմանությամբ`զբոսաշրջիկների համար: Այս տարի օպերային թատրոնում 5-ից ավելի ներկայացում կլինի, որոնք գնել ենք եվրոպական տարբեր օպերային թատրոններից»,- ասաց Ամիրյանը: