կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 15:13
Քաղաքական

Կարելի՞ է մինչև ապրիլ ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձանից. Արմեն Ամիրյան

Կարելի՞ է մինչև ապրիլ ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձանից. Արմեն Ամիրյան

Արդեն հայտնել ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, որ պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին:

Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ին անդամակցությունը չի՞ ազդի նրա իմիջի վրա, քանի որ այդ կուսակցության ներկայացուցիչներից շատերին մեղադրում են տարիներ շարունակ երկրի ռեսուրսները սպառելու մեջ, Ամիրյանը հորդորեց որակումներ չտալ և հայտարարեց, թե ՀՀԿ-ն ունի գաղափարներ, որոնց հետ ինքը համակարծիք է:

«Երկրի նոր կառավարման՝ խորհրդարանական մոդելը ենթադրում է, որ ցանկացած նախարար պետք է կրի պատասխանատվություն՝ կուսակցական մասով: Ժամանակ ունենք` մինչև խորհրդարանական կառավարման մոդելին անցնելը»,- ասաց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը՝ կարծես, հակված չեք  ՀՀԿ-ին անդամակցելուն, և հարցին՝ Ձեզ ստիպե՞լ են, թե՞ Ձեր կամքն է ՀՀԿ-ին անդամակցելը, Ամիրյանը պատասխանեց. «Կուսակցությանն անդամակցությունը ոչ թե առաջարկում են, ճնշում են, պարտադրում են, այլ մարդը կարող է իր դիմումը ներկայացրել: Ես դեռևս դիմում չեմ ներկայացրել: Մարդն ինքնակամ պետք է որոշում կայացնի: Կուսակցության անդամակցությունը պարտադրաբար չի լինում»:

Ինչ վերաբերում է, ՀՀԿ-ից բացի, այլ կուսակցության անդամակցելու հնարավորությանը, նախարարը հարցով պատասխանեց. «Դաշնակցական, այո՞»:

«Դուք առայժմ մշակույթին առնչվող որևէ հարց չեք տվել: Անընդհատ փորձում եք գտնել ինտրիգ, բայց մենք այնքան անելիքներ ունենք մշակույթի ոլորտում: Փոխանակ մեր տեսակետներն ու դիրքորոշումները հասցնեք հանրությանը, անընդհատ փորձում եք ինտրիգ գտնել: Որպես ավագ ընկեր`, ես ձեզ խնդրում եմ օգնել` իրականացնելու այս դժվարին խնդիրը, որը կոչվում է մշակույթ»,- ասաց Ամիրյանը:

Հարցին` եթե Ձեր սկզբունքներին չհամապատասխանեն կուսակցական մոտեցումները, հնարավո՞ր է հրաժարվեք պաշտոնից, պատասխանեց. «Կարելի՞ է մինչև ապրիլ ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձանից»: