Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով ցուցմունք տվեց ամբաստանյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Նա հայտնեց, որ 20 տարի է` մանկաբարձ գինեկոլոգ է, և վերջին 10 տարիներին շուրջ 5500 հղիների հետ է առնչվել:
Բախշյանի խոսքով` Մերի Մարգարյանի հղիության ընթացքն անցել է ՀՀ առողջապահության նախարարության չափանիշներին համապատասխան: Նա տեղեկացրեց, որ Մերիի վերջին կոնսուլտացիան եղել է 2015 թ. հուլիսի 20-ին, իսկ հուլիսի 23-ի երեկոյան Մերին զանգահարել և գանգատվել է ջերմությունից, սակայն քանի որ հղիին չի թույլատրվում դեղեր նշանակել, ընդհանուր խորհուրդ է տվել:
«Հուլիսի 24-ին Մերին զանգեց և ասաց, որ 37.8 աստիճան ջերմություն ունի և պարացետամոլ է խմել: Երեկոյան ամուսնու և սկեսուրի հետ Մերին եկավ հիվանդանոց: Չչափեցինք, ջերմություն չկար, հետազոտեցինք, որևէ շեղում չկար»,- պատմեց Բախշյանը:
Ամբաստանյալի խոսքով` Մերին գանգատվել է նաև լնդերի ցավից, և, իր տեղեկություններով, 2014 թ. հոկտեմբերին Մերին ամուսնու հետ Եգիպտոսում գտնվելու ընթացքում իմաստության ատամ հանելու ժամանակ ջերմություն է ունեցել և չի կարողացել դուրս գալ սենյակից: Ըստ Բախշյանի` Մերիի հետ զրուցել է նաև հուլիսի 25-ին, իսկ հաջորդ օրը Մերին հայտնել է, որ ջերմությունը 39.1 է, և ինքը խորհուրդ է տվել անմիջապես գնալ հիվանդանոց:
«Այդ օրն ընդունվել է հիվանդանոց, կատարվել են հետազոտություններ, որևէ խնդիր չի ներկայացվել: Մերին ակտիվ էր, միջանցքներում քայլում էր: Հուլիսի 27-ին ինձ զանգահարեց Մերիի ամուսինը, ասաց, որ Մերին դարձյալ ջերմություն է ունեցել և գիշերը փսխել, բայց նրա կողմից օբյեկտիվ որևէ պատճառ չներկայացվեց»,- ասաց Բախշյանը:
Նրա խոսքով` Մերիի մոտ հուլիսի 1-ից 25-ը պտղի աճի կանգ չի նկատվել, նրան շտապ ծննդալուծելու խնդիր չի եղել: Ըստ Բախշյանը` Մերիի` 4 օրերի ընթացքում տված արյան անալիզները որևէ բացասական տվյալ չեն պարունակել: Ամբաստանյալն ասաց, որ Մերիի մոտ HELP հիվանդության օբյեկտիվ ախտանշաններ չեն եղել, և իրենք չեն մտածել այդ հիվանդության մասին:
Այս պահին ամբաստանյալ բժշկուհին պատասխանում է դատավարության կողմերի հարցերին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:
Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: