Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակված` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ ներկա պահին հնարավոր չէ որևէ քննչական գործողություն իրականացնել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ինչից հետո նրան շտապօգնության բրիգադով տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի խոսքով՝ Բախշյանի մոտ գրիպ է ախտորոշվել, և նա մի քանի օր պետք է հիվանդանոցային բուժում ստանա: Բժիշկների խոսքով՝ Շուշանիկ Հակոբյանն ի վիճակի չէ որևէ քննչական գործողության մասնակցել, մինչդեռ` Մերի Մարգարյանի հարազատները պնդում են, որ նրա վիճակի վատացումը բեմականացված էր:
Նշենք, որ, օրենքով նախատեսված կարգով, պետք է որոշվի Բախշյանին մեղադրանք առաջադրելու հարցը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, և քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։ Ստացված հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ.Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում, հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:
Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին, ապա հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց, պետք է հնարավորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով: Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ: