կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-22 16:49
Իրավական

Մերին կուրորեն հավատացել է Շուշանիկ Ալբերտովնային. մահացած ծննդկանի հոր ցուցմունքը

Մերին կուրորեն հավատացել է Շուշանիկ Ալբերտովնային. մահացած ծննդկանի հոր ցուցմունքը

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով այսօր սկսվեց դատաքննությունը, հայտնում է «Փաստինֆո»-ն: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի`Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Ինչպես հայտնում է News.am-ը՝ մահացած ծննդկանի հայրը` տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյան, իր ցուցմունքում այսօր նշել է.  «Հուլիսի 23-ին Մերին զանգեց կնոջս ու ասաց, որ ջերմություն ունի 37,8, կինս էլ միանգամից խորհուրդ տվեց զանգել Շուշանիկ Ալբերտովնային, որի մոտ աղջիկս հաշվառված էր: Նա էլ ասել է, թե պարացետամոլ խմիր, վիրուս է, չորս օրում անցնում է: Երեկոյան Մերիի ջերմությունը բարձրացել էր մինչեւ 39,4-39,6: Բոլորս ասում էինք` գնանք ուրիշ հիվանդանոց, բայց Մերին չհամաձայնվեց, նույնիսկ ինձնից նեղացավ»:

Հուլիսի 24-ին Մերի Մարգարյանն ընտանիքի անդամների հետ գնացել է բժշկական կենտրոն: Այստեղ, ըստ հոր ցուցմունքի, հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանը կոպիտ է ընդունել բոլորին, հորդորել Մերիին գնալ տուն. «Կնոջս ասաց, թե հիստերիկություն մի արեք, Մերի ջան քեզ բան չկա, գնա տուն, պառկացնելու անհրաժեշտություն չկա: Մենք խնդրում էինք հետազոտել, բայց ուղարկեց Մերիին: Ասեմ, որ Մերին կուրորեն հավատացել է Շուշանիկ Ալբերտովնային: Եկանք տուն, բայց ջերմությունը չէր իջնում»: