Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ տեսակոնֆերանսի ռեժիմով կայացան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական բանակցությունները, ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ ու ներկայությամբ, երբ հայտարարվեց, որ Երևանը և Բաքուն շարունակելու են երկխոսությունն այդ ձևաչափով, պարզ դարձավ , որ հակամարտող կողմերը մտադիր չեն դուրս գալ տվյալ թրենդից: Իհարկե, հետո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունները, կիրառելով «մեկը գրում ենք, երեքը` մտքում» հայտնի հնարքը, տարբեր հայտարարություններով հանդես եկան, ինչը դարձյալ հաստատեց տպավորությունը, որ կողմերը շարունակելու են խաղալ միմյանց միջև հաստատված կանոններով. ըստ yerkir.am-ի`Regnum-ում հրապարակած հոդվածում գրում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
«Մեր տեսակետից` Մնացականյան-Մամեդյարով բանակցությունները կարելի է ինչ-որ տեղ սահմանագծային համարել: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա անձնական հանդիպումներից, երկու երկրների ԱԳՆ ղեկավարների ակտիվ շփումներից հետո տեղի է ունեցել հետաքրքիր երևույթ` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամլացում, ինչն անհնար կլիներ առանց Բաքվի ու Երևանի փոխհամաձայնության: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, կարծես, այն զինվել է «փոքր գործերի» սկզբունքով` ենթադրելով, որ որոշ հումանիտար հարցերով` կողմերի պայմանավորվածությունները կարող են վստահության ու գլխավոր հարցում փոխզիջումային որոշումների որոնմանը հետզհետե տանող մթնոլորտ ստեղծել: Միաժամանակ, հանելուկային կերպով քննարկման ոլորտից դուրս են մնացել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նախատեսում էին հակամարտող կողմերի շփման գծում մոնիթորինգի և միջազգային դիտորդների համակարգերի հաստատում»,- գրում է Տարասովը:
Ըստ նրա` եթե Երևան-Բաքու դիվանագիտական գծով քննարկվում էին փոքր գործերը, ապա ԶԼՄ-ներում Փաշինյանն ու Ալիևը լուրջ քաղաքական հայտարարություններ էին անում: Երևանը խաղադրույք էր անում այն բանի վրա, որ Բաքուն կհրապարակի փոխզիջումային իր դիրքորոշումները, որոնք եղել են Մնացականյան –Մամեդյարով բանակցություններում, խոսում էր «Ադրբեջանի շահերը հաշվի առնելու» պատրաստականության մասին: Իսկ Բաքուն հրապարակայնորեն շարունակում էր ու շարունակում է հավատարիմ մնալ իր «երկաթբետոնե» դիրքորոշմանը` Լեռնային Ղարաբաղի թեմայով բոլոր հարցերը կարող են քննարկվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պարադիգմում: Այդ պատճառով արտաքնապես կարգավորման որևէ հեռանկարի բացակայության տպավորություն էր ստեղծվում, թեև բանակցությունները շարունակվում էին:
«Բոլոր կանխանշաններով` Ալիևն ինչ-որ բանի էր սպասում, ըստ երևույթին, ենթադրում էր, որ Փաշինյանը, տարված ներքաղաքական պայքարով, Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելիս լուրջ սխալներ կանի, որոնք հնարավորություն կտան սկսելու հակամարտության կարգավորումն այլ քաղաքական համատեքստում: Սակայն, ինչպես ասում են, համբերության բաժակը լցվել է: Այն բանից հետո, երբ Մնացականյանն աշխատանքային այցով եղավ Ստեփանակերտում ու հայտարարեց, որ «արցախյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին կարևորագույն հարցերից է և գործնական բնույթ ունի, քանի որ խոսքն անմիջականորեն վերաբերում է Արցախի ժողովրդին», Ալիևը որոշեց ինչ-որ բան իր անունով կոչել: «Այսօր փաստացի բանակցային գործընթաց չկա,- ասաց նա ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:- Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների տեսակոնֆերանսները նշանակություն չունեն: Դա ընդամենը նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն գործ է անում: Լավ, մինչև ե՞րբ: Հայաստանը երկու տարի է` փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը և հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված և կեղծ առաջնորդների հետ: Ադեկվատ պատասխան եղե՞լ է դրան: Ոչ: Մենք պահանջում են պարզություն: Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ-ից սպասում է հակամարտության վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ»: Այսինքն` ամեն ինչում մեղավոր է ԵԱՀԿ ՄԽ-ն: Բայց եթե այդպես է, ի՞նչն է խանգարում Ալիևին` հայտարարել բանակցային գործընթացից դուրս գալու մասին, այլ ոչ թե սպասել, թե երբ ինչ-որ մեկը կողքից իրեն կներկայացնի հակամարտության կարգավորման շահավետ պայմաններ: Իսկ Բաքուն դեռևս արգելափակում է ադրբեջանական դիվանագիտության` ինքնուրույն որոշումներ կայացնելու` լիովին իրատեսական հնարավորությունը»,- նշում է Տարասովը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա, նրա կարծիքով, համանախագահող երկրներին հիմա Լեռնային Ղարաբաղն այնքան էլ չի հետաքրքրում, իսկ Հայաստանի հետ պատերազմ սկսել Ադրբեջանը հիմա չի կարող իր համար անբարենպաստ աշխարհաքաղաքական ու միջազգային կոնյունկտուրայի պատճառով: