կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 10:52
Իրավական

200 հղի նրան է սպասում. Շուշանիկ Բախշյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աշխատանքի չի գնացել

200 հղի նրան է սպասում. Շուշանիկ Բախշյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աշխատանքի չի գնացել

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող` «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աշխատանքի չի գնացել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

«Անցած շաբաթ դեռ ջերմություն ուներ, բայց արդեն կգնա աշխատանքի: 200 հաշվառված հղի ունի, ովքեր անգամ ինձ են դիմում, ասում են` պարո\'ն Սիրունյան, այնպես արեք՝ գա աշխատանքի»,- ասաց նա:

Պաշտպանը հայտնեց, որ մեղադրանք առաջադրելուց հետո իր պաշտպանյալը դեռ հիվանդանոցում է ցուցմունք տվել և ասել, որ չի ընդունում մեղքը:

«Պահանջում ենք առերեսումներ անել այն մարդկանց հետ, ովքեր նրա դեմ ցուցմունք են տվել, հրաժարվում են»,- ասաց նա համոզմունք հայտնելով, որ այս գործը դատարան չի հասնի, քանի որ իրենք դա թույլ չեն տա:

Նշենք, որ Սիրունյանը բողոք է ներկայացրել դատարանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, գրավ կիրառելու դեմ: «Գրավը կալանքի փոխարինման միջոց է, իսկ մենք կալանքի հիմքեր չենք տեսնում, մենք դեմ ենք կալանքին, քանի որ մարդը ո\'չ փախչող է, ո\'չ էլ քննությանը խոչընդոտող»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, բայց նաև բավարարել մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Քննությամբ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և նրան խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն` հերթական կոնսուլտացիայի, և, տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին, չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որոնց պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: