Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, ում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են նրա և նորածնի մահվան մեջ, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Խորապես ցավում եւ վշտացած եմ Մերի Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Մերին ինձ համար ավելին էր, քան պարզապես հաշվառված հղի: Դա կարող են փաստել շատերը: Մերիի մահը նաեւ իմ անձնական վիշտն է, որը ես կկրեմ ամբողջ կյանքիս ընթացքում:
Որեւէ կերպ չեմ փորձել պատասխանել մամուլում հնչած գնահատականներին, հակառակվել արտահայտված տեսակետներին կամ հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունն ու փաստերի բազմաթիվ աղավաղումները՝ հասկանալով մեծ կորուստ ունեցած ընտանիքի զգացմունքները, ցավն ու անդառնալի կորուստը: Կլռեի նաեւ հիմա, սակայն աշխատանքիս վերադառնալու առիթով ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի նոր ալիքին ի պատասխան ստիպված եմ անելու սույն հայտարարությունը:
Տեղեկացնում եմ, որ չնայած ծանր հոգեբանական վիճակիս՝ ստիպված եմ եղել վերադառնալ աշխատանքային պարտականություններիս կատարմանը, հանդիպել այն հղի կանանց, ովքեր ունեն իմ կարիքը: Իհարկե, նկատի ունենալով հոգեպես ճնշված եւ վշտացած վիճակս, որեւէ ծնունդ չեմ վարում, սակայն չէի կարող մնալ տանը, չտեսնել իմ պատասխանատվության ներքո գտնվող հղիներին ու հիվանդներին: Ինչպես հայտնի է, ներկայումս գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից: Համոզված եմ, որ տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունների եւ հարուցված քրեական գործի քննության արդյունքում: Եթե Մերիի ողբերգական մահվան մեջ կան մեղավորներ, ապա նրանք բոլորն էլ օրենքի շրջանակներում պետք է կրեն պատասխանատվություն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնեն,ք որ Մերի Մարգարյանը մահացել է 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում։ Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ: