կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 18:08
Քաղաքական

Օրենսդրորեն կհստակեցվի` որ դիրքն է համարվում գերիշխող

Օրենսդրորեն կհստակեցվի` որ դիրքն է համարվում գերիշխող

Տնտեսության զարգացման համար կառավարությունը կարևորում է արտահանման, գործարար միջավայրի, ներդրումների և զբոսաշրջության աճ:

Արտահանման միջոցով տնտեսության աճի համատեքստում կառավարությունը նախատեսում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել շուրջ 40 տոկոսի: Կառավարության նպատակն է ընդլայնել արտահանման շուկաները: Առաջնահերթ նպատակներից է վերացնել ԵԱՏՄ, ԵՄ շուկաներ մուտքի խոչընդոտները:

Գործարար միջավայրի բարելավման համատեքստում նախատեսվում է Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում դիրքավորել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում:

Ուշագրավ է, որ ծրագրում կետ է  սահմանվել` օրենսդրորեն հստակեցնել, թե որ դեպքն է համարվում գերիշխող դիրք: Այս հստակեցումը պետք է սահմանվի 2017 թվականի ավարտին:

Չեն անտեսվել նաև ՓՄՁ-ները: Կառավարության ծրագրով նախատեսվում է 2018 թվականին հրապարակել ՓՄՁ-ների թվի հստակ ինֆորմացիա, ապա պետք է մշակվի պետության կողմից դրանց աջակցելու նոր գործիքակազմ:

Ինչ վերաբերում է ներդրումային քաղաքականությանը, ապա կառավարությունն այն իրականացնելու է երեք ուղղությամբ` ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդում, ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությունից անցում դեպի թիրախավորված ռազմավարության քաղաքականություն, ստեղծարար և նորարարական բիզնեսների զարգացում, տեխնոլոգիական զարգացման խթանում:

Ըստ կառավարության ծրագրի` տնտեսության զարգացմանն ուղղված հաջորդ քայլը զբոսաշրջության զարգացումն է, և կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Նախատեսվում է ընդլայնել մարզական զբոսաշրջությունը` միջազգային մրցաշարեր կազմակերպելով ՀՀ-ում: