կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-29 13:20
Իրավական

Թալինի բաժնի օպերլիազորն ու ավագ հետաքննիչը չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել

Թալինի բաժնի օպերլիազորն ու ավագ հետաքննիչը չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, նախաքննական նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի աշխատակիցները 2017թ.-ի մայիսի 23-ին վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիներ Կ. Մ.-ին ու Գ. Խ.-ին և տևական ժամանակով ապօրինի պահել հիշյալ բաժնում: Ըստ նախաքննական նյութերի` Գ. Խ.-ի անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների, սակայն ոստիկանների կողմից կազմված արձանագրությունում ակնհայտ կեղծ տվյալներ են ներառվել նշված գործողությանը ընթերակաների մասնակցության վերաբերյալ: Կեղծ տվյալներ են ներառվել նաև Կ. Մ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունում:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Թալինի բաժնի օպերլիազորն ու ավագ հետաքննիչը Կ. Մ.-ին, ինչպես նաև բերման ենթարկված երկու այլ քաղաքացիների ուղղորդել են բացատրություններում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, վերջիններս ականատես և մասնակից են եղել Թալին քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խուլիգանության  դեպքերին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: