կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 15:46
Հասարակություն

Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքն է. ԿԳ փոխնախարար

Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքն է. ԿԳ փոխնախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված  տոնական միջոցառումների  շրջանակում տեղի է ունեցել  մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր  մասնակիցներին:

Շնորհավորելով ներկաներին՝ ԿԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է հանրային կյանքում ուսուցչի դերակատարումը. «Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքը, վարկանիշն ու նրա հանդեպ գնահատանքն է: Հասարակությունները, որտեղ ուսուցիչն ամենաբարձր դասն է՝  ավելի բարձր քան գիտնականը, զինվորականը, նախարարն ու մնացած բոլորը, հասել են զարգացման առավելագույն աստիճանի: Ուսուցչի կատարած գործի արժևորումը ապրելակերպ է, միաժամանակ սեփական խնդիրների լուծման հիմնարար սկզբունք»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը և հավելել, որ  ԿԳ նախարարությունը ծրագիր է մշակում, որը միտված է ուսուցիչների խնդիրներին, մասնավորապես սոցիալական իրավունքների բարելավմանը: ԿԳ նախարարի հայտարարած «Ուսուցիչ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նշել է Մ. Մկրտչյանը, նախատեսվում է ամրագրել ուսուցչի բազային աշխատավարձի շեմ, որպես սոցիալական երաշխիք:  

Միջոցառման ընթացքում  մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են Մարտունու  Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչ Լյուդմիլա Շահումյանը, Երևանի թիվ 51 հիմն. դպրոցի անգլերենի ուսուցիչ Հասմիկ Օհանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ, երաժշտության պատմության ուսուցիչ Նոնա  Ոսկանյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջն. դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմն. դպրոցի տնօրեն Սեդա  Ենգիբարյանը:  

«Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթող ճանաչված ներքոհիշյալ մանկավարժները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով.
«Նվիրում երեխաներին» անվանակարգ-Քրիստինա Հարությունյան (Երևանի «Էլիտա» մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ)
«Ավանդույթները և նորարարությունը  մանկավարժության մեջ» անվանակարգ - Գայանե Կոստանդյան (ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ),
«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգ - Հայկանուշ Ալեքսանյան (ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բ. Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ),
«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու   համար»  անվանակարգ - Մարգարիտ Քուշկյան (Երևանի Ա. Մամիկոնյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն),
«Ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակության լավագույն  փորձի համար» անվանակարգ - Բենիկ Բալայան (ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն), 
«Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգ -  Ստեփան Ստեփանյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն),
«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգ - Սոֆյա Հովսեփյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ), 

«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար» անվանակարգ - Արմինե Ձավարյան (ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 6 ՆՈՒՀ  ՀՈԱԿ-ի դաստիարակ),
«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգ - Արաքսյա Ղազարյան (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզի դաստիարակ): 
Միջոցառման ընթացքում ԿԳՆ պատվոգիր և շնորհակալագիր են ստացել մոտ  6 տասնյակ  մանկավարժներ:

ՀՀ ԿԳՆ