կարևոր
4819 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 18:27
Հասարակություն

Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը: Ըստ հիմնավորման, գործող ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին:

Այսպիսով՝ հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության և օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճաններն ու դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են ԱՀԿ մշակած դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կհստակեցվեն փորձաքննության ենթակա համապատասխան անձանց, զինապարտների, զորակոչի ենթակա կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց փորձաքննություն իրականացնող մարմինների շրջանակը, հետազոտման և փորձաքննության ծավալներն ու ընթացակարգերը, գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի ձևերը, հետազոտման և փորձաքննության գործընթացներին ներգրավված մասնագետների վարձատրության պայմանները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով 2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թ. փետրվարի 20-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ: Մինչև 2023 թ. փետրվարի 20-ը ներառյալ կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում: