կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 14:47
Հասարակություն

Փող են բաժանում, իսկ հետո մարդկանց ձեռքերի վրա տանում ընտրության. Նիկոլայ Ծատուրյան

Փող են բաժանում, իսկ հետո մարդկանց ձեռքերի վրա տանում ընտրության. Նիկոլայ Ծատուրյան

Ընտրությունները կեղծելու ձև միշտ էլ գտնում են, ինչպես այս անգամ եղավ. լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Նիկոլայ  Ծատուրյանը:

Ըստ նրա` կեղծողները մարդկանց փող տալու ձևերը գտնում են, հետո էլ` ձեռքերի վրա տանում ընտրության:

«Գիտեմ, որ լավ էլ փող են բաժանել, բայց ինձ չեն տվել: Եթե ինձ 20 000 դրամ տային, ես էլ իրենց 20 000 կտայի ու կասեի` ինձնից հեռու մնացեք:  Փող տալն իշխանության գործն է, որն իրենց մոտ լավ է ստացվում, բայց` ընտրությունից ընտրություն: Կտեսնեք` ինչ է լինելու` արտագաղթն ավելի է շատանալու, մարդիկ ավելի են հուսահատվելու, էդքան բան»,- ասաց Ծատուրյանը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս` գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ նման բան չի լինի, ընդհակառակը` գնացածները կսկսեն վերադառնալ, քանի որ երկրում վերջապես մարդիկ ընտրել են իշխանության, որին ուզում են: Ավելին, ըստ Տեր-Գուլանյանի, վերջին տարիներին Հայաստանում մեծ ձեռքբերում ունենք` խոսքի ազատությունը, որը չենք գնահատում: Սակայն Ծատուրյանը նշեց` այո, կա խոսքի ազատություն, ուղղակի մեզ` խոսողներիս, «շան տեղ դնող չկա»:

Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի` շատ հոռետես ենք դարձել, ինչը չի կարելի` ինչ ասես, այդ էլ կլինի: «Լավ է լինելու»,- խոսքն այսպես ավարտեց նա: Ի պատասխան, Նիկոլայ Ծատուրյանը նշեց.«Այո, լավ է լինելու, ուղղակի մենք էդ լավն էդպես էլ չենք տեսնի»: