կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 13:14
Մշակույթ

Խրխնջիզմ` Հայաստանում արվեստի նոր տեսակ է ծաղկում. Նիկոլայ Ծատուրյան

Խրխնջիզմ` Հայաստանում արվեստի նոր տեսակ է ծաղկում. Նիկոլայ Ծատուրյան

Թատրոններ հաճախելիությունը վերջին տարիներին պակասել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը նշեց, որ, չնայած այս ամենին, պետության` իրենց առջև դրված ծրագիրն իրենք ամբողջությամբ են կատարում:

 

«Մենք 2014-ին պետք է 80 ներկայացում ունենայինք, փոխարենը 92 ներկայացում ունեցանք, իսկ հանդիսատեսը պետք է 35 940 լիներ, սակայն 37 259 հանդիսատես ունեցանք: Հանդիսատեսը մեղավոր չէ, երկրում այնպիսի պայմաններ չեն ստեղծվել, որ մարդիկ, դարդ ու ցավ մոռացած, թատրոն հաճախեն»,- ասաց Շահնազարյանը և հավելում, որ մարդկանց սոցիալական վիճակը գնալով վատանում է, ինչը, բնականաբար, ազդում է նաև նրանց` մշակութային կենտրոններ այցելության վրա: «Գնալով թանկացնում են` ջուրը, գազը, հոսանքը, և մարդիկ էլ հազիվ կոմունալ ծախսերի տակից են դուրս գալիս»,- ասաց նա:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ, իր հերթին, նշեց, որ վերևներում մի քաղաքականության են վարում` Հայաստանը թողնել առանց հայերի, և անում են ամեն ինչ` իրենց նպատակին հասնելու համար: «Մարդկանց սոցիալական վիճակը, ախր, իրոք ծանր է: Սրան գումարած` վերևներում նստած դատարկ գլուխներն առանց մտածելու հրամաններ են արձակում: Ինչ ասել է` դպրոցականները չպետք է թատրոն գնան, ինչ է, թե հրամայել են` երեխաներին թատրոններ չտանել: Այ էստեղից էլ սկսվել է ամեն ինչ»,- ասաց նա:

 

Մարդկանց թատրոն բերելու համար շատ բան, ըստ Ծատուրյանի, հարկավոր չէ, պարզապես անհրաժեշտ է ամեն կերպ գրավել հանդիսատեսին: «Իսկ դուք փորձեք մուտքի մոտ կանանց  մեկական մեխակ նվիրել, տեսեք` ինչ աժիոտաժ կլինի»,- նշեց նա:

 

Ծատուրյանի կարծիքով` հիմա մեկ ուրիշ արվեստ է ծաղկում` խրխնջիզմը, երբ մարդիկ գնում են թատրոն` միայն ծիծաղելու համար: «Մենք սիրում ենք լացել ու հռհռալ, իսկ արվեստի վիճակը ոչ մեկին չի հետաքրքրում, իրական արժեքները երկրորդ պլանում են հայտնվել»,- նշեց նա: