Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Տեղեկացրել էինք, որ վարպետի ծննդյան օրը նրա հարազատները, ընկերները, ուսանողները նշեցին նրա տան մոտ, որտեղ տեղադրվեց նրա հուշատախտակը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ կարելի է անընդհատ հուշատախտակներ տեղադրել, բայց Սոսը պետք է մարդկանց հոգում ողջ լինի, կենդանի օրինակ ծառայի շատերի համար, որովհետև Հրանտ Մաթևոսյանի պես տեր էր ինքը` տերն էր քաղաքի, Հայաստանի, ինստիտուտի, որը գլխավորում էր: Ըստ Ծատուրյանի` հենց տեր հասկացությունն է, որ պետք է բոլորիս մեջ լինի, որպեսզի կարողանանք մի քիչ լավ ապրել:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե մի կողմից իշխանության ներկայացուցիչները խոսում են Սոս Սարգսյանի մեծության մասին, մյուս կողմից` թատրոնի շենքի հարցը մնում է չլուծված, Ծատուրյանը հումորով պատասխանեց, թե դա Հայաստանի միակ բացն է: «Է՜հ, Հայաստանում ի՞նչ են բացում` շուկա, խանութ, որ առևտուր լինի, մշակույթն ո՞ւմ է պետք, մշակութային օջախները ձեռնտու չեն: Քանի Սոսը ողջ էր, բզբզում էին, հույս կար, որ մի բան կստացվի, հիմա Սոսը մահացավ, և ամեն ինչ կանգ առավ: Գիտեմ միայն, որ թատրոնը ձեռնամուխ է եղել գումար հավաքելուն, իսկ վերևները թքած ունեն մշակույթի վրա. թատրոնն ի՞նչ է, խանութ, շուկա կունենաք»,- հավելեց նա:
Խոսելով այն մասին, թե ինչպես էին սովորաբար նշում վարպետի ծննդյան օրը` Ծատուրյանը նշեց, որ հավաքվում էինք նրանց տանը և քեֆով, «շուլուխով» նշում:
«Սոսի լավն էն էր, որ իր մոտ չկար, թե` ես Սոսն եմ, չէ՛` ես մարդ եմ: Համով-հոտով մարդ էր` հումորը տեղը: Այն մարդիկ, ովքեր շատ բնական են և հումորով, իմ ընկերներն են, իսկ պատգամավորական մարդիկ ինձ հետ կապ չունեն: Սոսը շատ երազանքներ ուներ, որոնք, իհարկե, չհասցրեց իրականացնել, բայց կան բաներ էլ, որոնց իրագործման համար իրեն երջանիկ էր զգում, օրինակ` Հայաստանի կանաչապատման ծրագիրը»,- ասաց Ծատուրյանը: