կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 15:21
Հասարակություն

Շուտով կսահմանվի նաև օդի տուրք. Նիկոլայ Ծատուրյան

Շուտով կսահմանվի նաև օդի տուրք. Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և դրա դեմ բողոքի ակցիա իրականացնողների գործողություններին:

«Հասկացել եմ, որ նախկին մեծ առաջնորդ Լենինը մահանալուց հետո թողեց լենինիզմը, Բիբինն էլ, չմեռած, թողեց «բիբինիզմը»: Շատ եմ դժվարանում որևէ մեկի կողմը բռնել: Իհարկե,  ժողովրդի կողմը բռնելն ավելի ճիշտ է»,- ասաց նա` հավելելով. «Ամենաբացասականն այն է, որ մեր ժողովրդի մոտ իշխանությունների նկատմամբ վստահությունն է պակասել և աուդիտին էլ չեն հավատում: Արդեն փաստ է, որ մեր  ժողովուրդն անվճարունակ է. այդ 7 դրամը մեծ բան է: Մեր իշխանությունները շատ կոնկրետ մի ծրագիր ունեն, որը իրականացնում են փայլուն ձևով»:

Ծատուրյանի բնորոշմամբ` մեր իշխանությունների հիմնական թեզը հետևյալն է` «Հայաստանն առանց հայրենիքի»:

«Նրանց մեծ մասն իրենց համար արդեն գնել է տներ նյույորքներում, փարիզներում և այլն: Աշխատանք չկա, մարդկանց վիճակը օրհասական է, թանկացումներ են` մեկը մյուսին հաջորդող: Շուտով կսահմանվի նաև օդի տուրք: Լինելով համակարծիք այն մարդկանց հետ, ովքեր Բաղրամյանում են, ուզում եմ, որ անարդարության դեպքում նորից ոտքի ելնեն:  Մեր շատ իմաստուն ղեկավարը շուտով կարող է ասել. «Թող հա կանգնեն, ինչքա՞ն պիտի կանգնեն»,- ասաց ռեժիսորը` հավելելով. «Քանի դեռ դրան չի հասել, պետք է դադարեցնեն, բայց լինեն հետևողական: Կազմակերպիչները իրենց շարքերում պետք է ընդունեն ոչ միայն երիտասարդների, այլ նաև գիտակ մարդկանց: Եթե աուդիտից հետո չէժանացնեն, թող նորից դուրս գան պայքարի: Նույնիսկ ռուսներն են ասում. «Բրավո հայերին, մեզ ահագին բան սովորեցրեցին»: